ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի եւ «Ժառանգության» կողմից ստորագրված ընտրությունների վերահսկման համար միասնական շտաբի ձեւավորման վերաբերյալ համաձայնագիրը ոչ այլ ինչ է, քան ֆիկտիվ փաստաթուղթ, որը կունենա թիթեռի կյանք: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցում հայտարարել է Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը:

Թովմասյանի խոսքով, իրեն հիասթափեցրել է համաձայնության ստորագրման բուն պահը, որը նա տեսել է հեռուստատեսությամբ. «Ես չգիտեմ, թե նրանք քանի ժամ են խորհրդակցել, սակայն դրանից հետո այնպիսի մթնոլորտ էր ստեղծվել, որը ավելի շատ նման էր հաշիվներ պարզելու: Ի՞նչ էին նշանակում այդ ստորագրությունները. որ հենց այդ չորս կուսակցություններն են հանդիսանում քաղաքական իրադրության տերը, իսկ մյուսները պետք է գան եւ ստորագրեն: Ես ընդգծում եմ, որ քաղաքական մեծ սխալ է թույլ տրվել մյուս կուսակցությունների հանդեպ, նրանք պարտավոր էին դրանից մի քանի օր առաջ բոլոր կուսակցություններին ուղարկել համաձայնագրի տեքստը, որպեսզի ծանոթանային եւ կարծիք հայտնեին դրա վերաբերյալ: Ստացվում է, որ նրանք «քաղաքական մտքի հսկաներ են», նրանց կարծիքը վերջնական է, եւ քննադատության ենթակա չէ»:

Թովմասյանը նշել է, որ Կոմունիստական կուսակցությունը չի միանալու այդ համաձայնագրին, ավելին, արդեն մի քանի կուսակցություններ կարծիք են հայտնել, որ դրա տակ ժամանակավոր ստորագրություններ են դրվել, որոնք կարող են հետ կանչվել. «Դրանց էությունն այդպիսին է, եւ հենց այդ մոտեցմամբ են նրանք մտադիր վերահսկել ընտրությունների ընթացքը»:

Հիշեցնենք, որ Հայ ազգային կոնգրեսը, «Բարգավաճ Հայաստան», ՀՅԴ եւ «Ժառանգություն» կուսակցություններն, ապրիլի 4-ին, ընտրությունների վերահսկման միասնական շտաբ ձեւավորելու մասին համաձայնագիր են ստորագրել: Քննարկմանը ներկա ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը չի միացել նախաձեռնությանը: