Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը քննարկել է ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Դավիթ Հարությունյանի` ընտրությունների պատշաճ անցկացման քաղաքակիրթ մրցակցություն ապահովող կանոներ մշակելու վերաբերյալ քաղաքական ուժերին ուղղված առաջարկություն եւ որոշել, որ ի պատասխան` սեփական առաջարկություններն է ներկայացնելու: Այս մասին այսօր` ապրիլի 6-ին, NEWS.am-ի թղթակից հետ զրույցում ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը` հավելելով, որ առաջարկությունները բանավոր ներկայացրել են Դավիթ Հարությունյանին:
Դեմկուսը կարծում է, որ ներկայացված առաջարկությունները միասնաբար քննարկելու անհրաժեշտություն կա, եւ եթե դրանք միասնաբար քննարկելու որոշում կայացվի, ապա կներկայացնեն դրանք նաեւ գրավոր: «Հիմնական խնդիրը հետեւյալն է, որ հստակ նշվի, որ բոլոր մասնակիցները պարտավորվում են իրենց կողմից որեւէ կեղծիք չկատարել եւ թույլ չտան, որ որեւէ կեղծիք կատարվի: Սա, իմ կարծիքով, անհամեմատ ավելի կոնկրետ է, իսկ ինչ վերաբերում է մնացած ներկայացված կետերին, ապա քննարկելու հարց է` ինչպես ձեւակերպել եւ ինչպես ներկայացնել»,- ասաց Արամ Սարգսյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայ ազգային կոնգրեսը, «Բարգավաճ Հայաստան», ՀՅԴ եւ «Ժառանգություն» կուսակցություններն, ապրիլի 4-ին, ընտրությունների վերահսկման միասնական շտաբ ձեւավորելու մասին համաձայնագիր են ստորագրել: Քննարկմանը ներկա ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը չի միացել նախաձեռնությանը:
Փաստաթղթի տակ դրված են ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի, ԲՀԿ ներկայացուցիչ Վարդան Օսկանյանի, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի եւ «ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանի ստորագրությունները: Համաձայնագիրը բաց է առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերի համար:
Իսկ արդեն ապրիլի 5-ին, հայտարարություն է տարածել ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Դավիթ Հարությունյանը, ով ընտրություններին մասնակցող ուժերին առաջարկել է ընտրությունների պատշաճ անցկացման քաղաքակիրթ մրցակցություն ապահովող կանոներ մշակել:




























