Այս տարի Ս. Զատիկի նախօրեին գնային ցնցումներ չկան: Այդ մասին այսօր` ապրիլի 7-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Սպառողների իրավունքների միության» նախագահ Արմեն Պողոսյանը: Նրա տեղեկացմամբ` ձուն ոչ միայն չի թանկացել, այլեւ նույնիսկ որոշ սուպերմարկետներում առկա է ձվի գնի նվազում` ակցիաների շրջանակներում: Ա. Պողոսյանի տեղեկացմամբ` թռչնաֆաբրիկաները ձուն բաց են թողնում 30-45 դրամով, իսկ խանութները վաճառում են 50-60 դրամով: Սակայն, ըստ Ա. Պողոսյանի, ձվի շուկայում փոքր արտադրողները դուրս են մղվում, տեղի է ունենում շուկայի մենաշնորհացման աճ:
«Սպառողների իրավունքների պաշտպանություն» հ/կ փոխնախագահ Կարեն Չիլինգարյանը նույնպես հաստատեց, որ ձուն չի թանկացել, սակայն նշեց, որ թանկացել է կանաչեղենը: Նրա կարծիքով` դա հետեւանք է գյուղացիների մենթալիտետի: Սակայն, ըստ Կ. Չիլինգարյանի, շուկայում առկա են այլ խնդիրներ: Օրինակ` վաճառվում է իրանական խուրմա կրկնակի պիտակավորումով, ինչը օրենքի խախտում է:




























