Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` ապրիլի 7-ին, մեկնել է Գյումրի եւ այցելել նորակառույց բժշկական կենտրոն: Նա ծանոթացել է համալիրի շինարարության ընթացքին, որից հետո Շիրակի մարզպետարանում խորհրդակցություն է անցկացնելու:
Նշենք, որ նորակառույց հիվանդանոցային համալիրին հատկացվել է 10500 քմ տարածք, որտեղ կտեղակայվեն նաեւ Շիրակի մարզային հիվանդանոցի եւ Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանանոցի բոլոր ծառայությունները, ինչպես նաեւ` «Սամարիթեր» հիվանդանոցի թերապեւտիկ, սրտաբանական եւ հեմոդիալիզի ծառայությունները:
Նորակառույց շինությունն օժտված է բարձր սեյսմակայունությամբ եւ համապատասխանում է ժամանակակից հիվանդանոցաշինության միջազգային չափանիշներին: Նոր հիվանդանոցում կգործի նաեւ նոր մասնագիտական խորհրդատվական կենտրոն, ընտանեկան բժիշկների, տեղամասային թերապեւտների եւ մանկաբույժների համար:
Ինչպես լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ առողջապահության նախարարության ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Գուրգեն Դումանյանը, նորակառույց համալիրը պատրաստ է սպասարկել նաեւ հարակից մարզերի եւ Ջավախքի բնակչությանը:
Համալիրի կառուցման նպատակով կատարվել է ընդհանուր առմամբ շուրջ 5,1 միլիարդ դրամի ներդրում:
Բժշկական կենտրոնի կառուցման շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել այս տարվա մայիսի 24-ին: Ներկայում ընթացքի մեջ են կենտրոնի արտաքին տարածքի բարեկարգման աշխատանքները, այդ թվում` արտաքին լուսավորության եւ եզրագծող տարածքի ցանկապատի տեղադրման աշխատանքները:



























