Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, թե Մոսկվան մտադիր է լրացուցիչ ջանքեր գործադրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ, լուրջ ենթատեքստ չի պարունակում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Մոսկվայի պետհալասարանի Հետխորհրդային տարածքում հասարակական-քաղաքական գործընթացների ուսումնասիրման տեղեկատվական-վերլուծական կենտրոնի քաղաքական կանխատեսման ծառայության ղեկավար Ալեքսանդր Կարավաեւը: Նրա խոսքով, այդ արտահայտությունն արվել է Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին նվիրված հոբելյանական յուրօրինակ շրջագայության շրջանակներում:

«Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության նման այցերը հարկ է դիտարկել որպես աշխատանքային, հերթապահ այցեր: Պատասխանելով ղարաբաղյան կարգավորման մասին հարցին` Լավրովը չէր կարող ասել, թե «գիտեք, մեր մոտ ոչինչ չի ստացվում»: Դա խոշոր սկանդալ կհարուցեր: Նա ստիպված էր դիվանագիտական ձեւակերպումներ որոնել, ինչն էլ արել է: Սերգեյ Լավրովի այդ խոսքերի վերլուծությունը եփած ձվի արժեք չունի»,- ասել է Կարավաեւը:

Փորձագետը կրկին ընդգծել է, թե Լավրովի նման բնույթի այցերը շոշափելի արդյունք ունենալ չեն կարող:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 3-ին Բաքվում հայտարարել էր, թե Ռուսաստանը շահագրգռված է ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ, եւ այդ հարցում հենվում է  տարածաշրջանում բնակվող մարդկանց շահերին: