Հայաստանում 12 բնագավառներ են առանձնացվել, որոնք ներկայումս արտահանման հեռանկար ունեն արտադրողների առավելությունների, կիրառված հզորությունների, ունեցած ներդրողների եւ կառավարիչների տեսանկյունից: Այս մասին gazeta.ru-ին տված հարցազրույցում հայտնել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը` պատասխանելով արտահանման բնագավառների եւ հավանական շուկաների մասին հարցին:

«Դա ճշգրիտ սարքաշինությունն է, կոնյակի եւ գինու արտադությունը, դեղագործությունը (որտեղ մենք 4 խոշոր նախագիծ ունենք), թանկարժեք քարերի մշակումը, ոսկերչության բնագավառը, ժամացույցների արտադրությունը: Դրանք այն բնագավառներն են, որոնք մենք այսօր ունենք, եւ որտեղ համատեղ նախագծեր ենք իրականացնում:

Շուկաները եվրոպականն են եւ ԱՊՀ-ինը:  Կոնյակի համար մենք փորձում ենք առաքման ցանց ստեղծել նաեւ Չինաստանում: Այն մեզ համար շատ հեռանկարային շուկա է, բայց նախագիծը հարկավոր է լրջորեն մշակել: Մասնավոր հատվածի հետ պայմանավորվածություն կա, որ համատեղ ջանքեր պետք է գործադրենք համապատասխան առաքման ենթակառույց ստեղծելու համար: Անհրաժեշտ է PR քարոզչություն, որպեսզի այդ շուկան մեզ հասանելի դառնա», - ասել է Հայաստանի վարչապետը: