Balmoral զբոսանավը կրկնում է «Տիտանիկի» չարաբաստիկ երթուղին, որն իր առաջին եւ վերջին ուղեւորությունը իրականացրել էր 1912 թվականին: Ապրիլի 8-ին զբոսանավը դուրս է եկել Սաութհեմփթոն բրիտանական նավահանգստից:
Նավի վրա վերստեղծվել է 20-րդ դարասկզբի մթնոլորտը` սկսած ճաշացանկերից մինչեւ նվագախմբի երգացանկը: Հիշատակի ճանապարհորդությանը մասնակցում են 1309 ուղեւորներ, այդ թվում նաեւ «Տիտանիկի» ուղեւորների հարազատները, հայտնում է Associated Press-ը:
Balmoral-ի տախտակամածին ապրիլի 14-ին կանցկացվի հիշատակի արարողություն` նշելու համար այն պահը, երբ «Տիտանիկը» բախվել էր սառցաբեկորին: Նավը նաեւ կմտնի կանադական Նոր Շոտլանդիա նահանգի Գալիֆաքս նավահանգիստ: Այստեղ ուղեւորները կայցելեն գերեզման, որտեղ ամփոփված են խորտակված նավի ծովում հայտնաբերված 120 ուղեւորների մնացորդները:
«Տիտանիկ» զբոսանավը բախվել էր սառցաբեկորին եւ խորտակվել, երբ իրականացնում էր իր առաջին ուղեւորությունը Եվրոպայից դեպի Ամերիկա: Նավի վրա գտնվող 2000 մարդուց զոհվել էին շուրջ 1500-ը:




























