Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ապրիլի 12-ին ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Ասկերանի ուղղությամբ:
ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկման խմբի կազմի մեջ են մտնելու ԵԱՀԿ Գործող նախագահի Անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Անթալ Հերդիչը (Հունգարիա) եւ Իրժի Աբերլեն (Չեխիա), ինչպես նաեւ ԵԱՀԿ բարձր մակարդակի պլանավորման խմբի ներկայացուցիչ (ԲՄՊԽ) գնդապետ Անդրեյ Բարաշկինը (Ռուսաստան):
Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն անց են կացնելու ԳՆԱՆ գրասենյակի համակարգող Փիթեր Կիին (Մեծ Բրիտանիա), ԳՆԱՆ դաշտային օգնական Խրիստո Խրիստովը (Բուլղարիա) եւ ԲՄՊԽ ներկայացուցիչ, գնդապետ Իլհամի Դեիրմենողլուն (Թուրքիա):
ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը եւ ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը:
Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցելու են ԼՂՀ Արտաքին գործերի նախարարության եւ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:




























