«Ժառանգություն» կուսակցության նախընտրական քարոզարշավն ապրիլի 9-ին մեկնարկեց «Մենք գալիս ենք...» կարգախոսով (Ֆոտոռեպորտաժ):
«Ժառանգություն» կուսակցությունը մտադիր է ապահովել տնտեսական ազատ մրցակցություն, արդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների եւ գյուղատնտեսության զարգացում, հարկերի արդար գանձում, աջակցություն մանր եւ միջին բիզնեսին:Այդ մասին ասվում է այսօր` ապրիլի 9-ին ներկայացված նախընտրական ծրագրում: Ամեն տարի տեղական, ինչպես նաեւ սփյուռքի եւ արտասահմանի ներդրումները կկազմեն 1,5 մլրդ դրամ: Բոլորի համար կապահովվեն բարձր վարձատրվող աշխատատեղեր, միջին աշխատավարձը կկազմի 200 հազար դրամ, իսկ նվազագույնը` 80 հազար, որին ամեն տարի կգումարվի 10 հազար դրամ:
Նախատեսվում է Հայաստան մեծ քանակությամբ մարդկաց ներհոսք, որի շնորհիվ 5 տարվա ընթացքում մեկնողների եւ ժամանողների հավասարակշռությունը երկրում դրական կդառնա, ամեն տարի` միջինը 100 հազար մարդ: Առաջիկա 10 տարում կուսակցությունը մտադիր է ստեղծել բոլոր պայմանները, որպեսզի Հայաստանի բնակիչների թիվը կազմի 4, իսկ առաջիկա 15 տարում` 5 միլիոն մարդ:
«Ժառանգություն» կուսակցությունը նաեւ մտադիր է պաշտպանել ազգային շահերը, կպայքարի Ղարաբաղի անկախության միջազգային ճանաչման համար, ջանքեր կգործադրի համաշխարհային իրավունքի ենթատեքստով եւ Հայոց ցեղասպանության ճանաչման եւ փոխհատուցման հիմքով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար:
Հավասարության սկզբունքով կզարգանան Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Չինաստանի հետ, իսկ արտաքին քաղաքականության ուղենիշ կդառնա դեպի եվրոպական հասարակական կառույցներ աճող ներգրավումը` ԵՄ-ի լիիրավ անդամ դառնալու հեռանկարով:




























