Թուրքիայի Էդիռնե նահանգում գտնվող եւ UNESCO-ի մշակույթային ժառանգության ցուցակում ընգրկված պատմական Սելիմիե մզկիթի վրա աշխարհի ուշադրությունը սեւեռելու համար կազմակերպված միջոցառման ժամանակ Էդիռնեի նահանգապետ Գյոքհան Սոզերը Բուլղարիայից ժամանած քահանայի հանդեպ ամոթալի քայլ է կատարել։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Էդիռնեի քաղաքային խորհրդի անդամների, հասարակական կազմակերպությունների եւ քաղաքական գործիչների աջակցությամբ տեղի ունեցած միջոցառման ժամանակ Էդիռնեյի Սելիմիեի հրապարակում կազմակերպվել է մարդկային շղթա։
Շղթայի ձեւավորման ժամանակ Էդիռնեի նահանգապետ Գյոքհան Սոզերը թույլ չի տվել միջոցառմանը մասնակցելու համար Էդիռնե ժամանած բուլղարացի քրիստոնյա հոգեւորական Ալեքսանդր Չիկիրիկին տեղ զբաղեցնել նույն շարքում, որտեղ կանգնած են եղել թուրք պաշտոնյաները։
Նահանգապետը հեգնանքով հարցրել է. «Բուլղարիայում թուրք հոգեւորականներին աջ ու ձախ ընդունո՞ւմ են»։ Բուլղարացի քահանան եւ Սելիմիե մզկիթի նախկին իմամը ստիպված շարք են կանգնել 2-րդ գծում։
Միջոցառման ավարտից հետո թուրք լրագրողները նահանգապետի արարքի վերաբերյալ մեկնաբանություն են խնդրել բուլղարացի հոգեւորականից, ով խուսափել է պատասխանել՝ նշելով, թե հավաքվել են եղբայրության համար եւ նման բաներին չպետք է առաջնային տեղ հատկացնել։




























