ԱՄՆ-ում հայտնվել է Mega Millions վիճակախաղի երկրորդ երջանիկ հաղթողը: Վիճակախաղի կազմակերպիչները հաղորդել են, որիրենց ներկայացրել են Մերիլենդ նահանգից գնված տոմսը: Այլ մանրամասներ չեն հաղորդվում, գրում է Reuters-ը:
Հիշեցնենք, որ համաշխարհային վիճակախաղերի պատմության մեջ խոշորագույն ջեքփոթը` 640 միլիոն դոլար, ԱՄՆ-ում խաղարկվել էր մարտի 30-ին:
Շահել էր երեք տոմս, որոնք վաճառվել էին Մերիլենդ, Քանզաս եւ Իլինոյս նահանգներում:Ավելի վաղ Մերիլենդ նահանգից իրեն շահող էր հայտարարել 37-ամյա Միրլենդ Ուիլսոնը` ծնված Հաիթիում, որն աշխատում էր «Մաքդոնալդսում»: Ուիլսոնը հայտարարել էր, որ թաքցրել է հաղթող տոմսը, որպեսզի չկիսի այն իր 14 գործընկերների հետ: Ապրիլի 6-ին նա հայտնել էր, որ հաղթող տոմսը կորել է, սակայն ինքը չի կորցնում այն գտնելու հույսը, հիշեցնում է Lenta.ru-ն: Առաջինը շահումն ստանալու համար դիմել էր Քանզասում տոմս ձեռք բերած հաղթողը, որն ապրիլի 6-ին ներկայացել էր այդ նահանգում Mega Millions-ի գրասենյակ:
Վիճակախաղի հաղթողը նախընտրել է գաղտնի պահել ոչ միայն իր անունը եւ բնակավայրը, այլ նաեւ` սեռը: Հայտնի է միայն, որ նա որոշել է շահումն ստանալ 110,5 միլիոն դոլար մեկանգամյա վճարման տեսքով, այլ ոչ թե մաս-մաս` 26 տարվա ընթացքում:




























