Սիրիայի իշխանությունները ձեռնամուխ են եղել ՄԱԿ-ի եւ Արաբական երկրների լիգայի հատուկ բանագնաց Քոֆի Անանի` Սիրիայում ճգնաժամի կարգավորման վերաբերյալ նախագծի իրականացմանը: Այդ մասին, այսօր` ապրիլի 10-ին, հայտնել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը`Մոսկվայում այցով գտնվող սիրիական գործընկեր Վալիդ Մուալեմի հետ բանակցությունների արդյունքների վերաբերյալ ամփոփիչ ճեպազրույցի ժամանակ:
«Մենք նշում ենք, որ հաստատվել է սիրիական ղեկավարության` իրենց պարտականությունները կատարելու պատրաստակամությունը, եւ տեղեկություն է տրամադրվել սիրիական ղեկավարության կողմից նախագծի իրագործման սկզբի մասին, որը վերաբերում է քաղաքներում բանակի եւ ծանր հրետանու կիրառմանը», - ասել է նա, ընդ որում նշելով, որ Սիրիայի ղեկավարության գործողությունները կարող էին ավելի ակտիվ եւ վճռական լինել: «Անկեղծ ասած, մենք իրավիճակի վերաբերյալ մեր գնահատականներն ենք արտահայտել սիրիական գործընկերներին: Կարծում ենք, որ նրանց գործողությունները կարող էին ավելի ակտիվ լինել, ավելի վճռական` նախագծի համապատասխան իրագործման առնչությամբ», - ասել է նա:
Միաժամանակ Լավրովը նշել է, որ Մոսկվան չի արհամարհի «բոլորին հայտնի այն փաստը, որ Քոֆի Անանի առաջարկությունները չեն ընդունվել մի շարք, եթե ոչ մեծամասնության, ընդդիմադիր խմբերի կողմից, ներառյալ Սիրիական ազգային խորհուրդը»:
Ըստ նրա` միջազգային ասպարեզում դեռեւս մինչեւ Քոֆի Անանի նախագծի իրագործման սկսվելը, արվել էին հայտարարություններ, որոնք «այդ նախագիծը ձախողման էին դատապարտում», գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Նախարարը հիշեցրել է, որ Քոֆի Անանի վեց առաջարկները ենթադրում են քաղաքներից զորքերի եւ ծանր տեխնիկայի դուրսբերում, բայց լիարժեք եւ կայուն հրադադարը, համաձայն Քոֆի Անանի նախագծի, հնարավոր է միայն փոխադարձության սկզբունքով, երբ բոլոր կողմերն այդ նպատակով կհամագործակցեն հատուկ պատվիրակի հետ, ընդ որում` դիտարկման արդյունավետ մեխանիզմի ստեղծման, առկայության դեպքում:
Ռուսաստանն, ըստ նրա, հույս ունի, որ Սիրիայում հրադադարի եւ քաղաքներից ծանր հրետանին դուրս բերելու մեխանիզմները կներկայացվեն մոտ ժամանակներս:
Լավրովը նաեւ հայտնել է, որ մտադիր է ապրիլի 11-ին կայանալիք «Մեծ ությակի» երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ քննարկել Սիրիայի ընդդիմության ներկայացուցիչների վրա ազդելու հնարավորությունը:
Սիրիայի ԱԳՆ-ի ղեկավար Վալիդ Մուալեմն իր հերթին նշել է, որ Սիրիայում հրադադարը պետք է համընկնի ՄԱԿ-ի դիտորդների` երկիր ժամանելու հետ:
«Մենք կարծում ենք, որ կրակի դադարեցումը պետք է սկսվի միջազգային դիտորդական խմբի Սիրիա ժամանելուն զուգահեռ», - ասել է նա:




























