«Ժառանգությունն» ուրիշ կուսակցություններից ձայն չի խլում, նա իր ընտրազանգվածն ունի: Այս մասին այսօր` ապրիլի 10-ին, «100 հարց եւ պատասխան» ձերաչափով քննարկման ժամանակ հայտարարել է «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, արձագանքելով դիտարկմանը, թե եթե ընտրողը ցանկանում է ձերբազատվել ՀԱԿ-ից կամ իշխող կոալիցիայից, նա ստիպված է լինելու քվեարկել «Ժառանգության» օգտին:

Հովհաննիսյանի խոսքով, նախընտրական գործընթացում չի կարելի դավադրություն տեսնել, քանի որ ընտրազանգվածն ինքն է որոշում` ում տալ նախապատվությունը եւ եթե նա չի ցանկանում քվեարկել, օրինակ, «Ժառանգության» օգտին, ոչ ոք նրան չի կարող դա պարտադրել: «Մենք չենք ընդունում արեւմտյան եւ արեւելյան քաղաքական տեխնոլոգիաները, մենք ուղղակի իրականացնում ենք մեր նախընտրական ծրագիրը: Մենք նպատակաուղղված ձայներ չենք խլում, ուղղակի ժողովուրդը տեսնում է, որ «Ժառանգության» պատգամավորները միշտ այնտեղ են, որտեղ անհրաժեշտ է վերականգնել արդարությունը:

Պարտադիր չէ, որպեսզի մեր ընտրազանգվածը ցույցեր անի, սակայն մեր պատգամավորները եւ «Ժառանգության» կողմնակիցները միշտ եղել են առաջին գծում, երբ պետք է եղել պաշտպանել ոտնահարված իրավունքները: Մենք ձայներ չենք խլում, ժողովուրդն ամեն բան տեսնում է»,-ասել է Հովհաննիսյանը:

Նշենք, որ նախորդ` 2007 թվականի խորհրդարանական ընտրություններին, պաշտոնական տվյալներով, «Ժառանգությունն» ստացել է մոտ 6 տոկոս ձայն եւ ԱԺ-ում ունի 7 մանդատ: