Ընտրությունների վերահսկման համար միասնական շտաբի ստեղծման վերաբերյալ նախաձեռնողների` ապրիլի 11-ին կայացած հանդիպման ժամանակ «Ժառանգություն» կուսակցությունը երկու առաջարկ-վերջնագիր է ներկայացրել, որոնց չկատարման դեպքում սպառնում է դուրս գալ նախաձեռնությունից, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:
Թեեւ հանդիպման օրակարգում քննարկվել են շտաբի կառույցները, «Ժառանգության» փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը հանդես է եկել հայտարարությամբ: Նա պահանջել է, որ միասնական շտաբի ստեղծման հայտարարության տակ ստորագրեն քաղաքական կուսակցությունների առաջնորդները, ովքեր միացել են նախաձեռնությանը: Բացի այդ, Հակոբյանը առաջարկել է ստեղծել հանձնաժողով կամ աշխատանքային խումբ, որը կհետեւի բարեգործական հիմնադրամներին, որոնք նախընտրական կաշառք են բաժանում:
«Ժառանգություն» կուսակցության համար անհասկանալի է նաեւ ԲՀԿ-ի մասնակցությունը նախաձեռնությանը, քանի որ դա հակասում է իշխող կոալիցիայի հուշագրի բովանդակությանը, որի մեջ մտել է ԲՀԿ-ն: «Այդ փաստաթուղթը հակասում է կոալիցիոն հուշագրին:
«Բարգավաճ Հայաստանը» պետք է որոշի, թե որ կողմից է, հակառակ դեպքում` դա ժամանակի անիմաստ կորուստ է»,-ասել է Հակոբյանը:
Նրա խոսքով, «Ժառանգություն»-ը կստորագրի այդ փաստաթուղթը, երբ դրա տակ լինեն կուսակցությունների առաջին դեմքերի կամ ղեկավարների ստորագրությունները, որոնք մտադիր են մասնակցել միասնական շտաբի աշխատանքներին` ընտրությունները վերահսկելու համար: Դրանից հետո «Ժառանգության» ներկայացուցիչը հեռացել է:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ ՀԱԿ-ը, «Բարգավաճ Հայաստան»-ը, ՀՅԴ-ն, «Ժառանգություն»-ը ապրիլի 4-ին համաձայնագիր են ստորագրել ընտրությունների վերահսկման համար միասնական շտաբի ձեւավորման վերաբերյալ: Քննարկմանը մասնակցած ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը հրաժարվել է ստորագրել փաստաթղթի տակ:
Արդեն ապրիլի 5-ին ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Դավիթ Հարությունյանը հանդես է եկել ընտրությունների ընտրությունների քաղաքակիրթ անցկացման կանոներ մշակելու վերաբերյալ առաջարկով:




























