Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի միջին աշխատավարձը ամսական 400 հազ. դրամ է` ամենաբարձրերից մեկը տնտեսությունում: Այդ մասին այսօր` ապրիլի 11-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը: Նրա տեղեկացմամբ` ՏՏ ոլորտում աշխատում է 6700 մարդ, որոնց կեսը` տեղական կազմակերպություններում, մյուս կեսը` օտարերկրյա ընկերությունների մասնաճյուղերում (այդ ցուցանիշը մի քանի տարի առաջ 70/30 էր` հօգուտ օտարերկրյա ընկերությունների):
ՏՏ ոլորտը ներկայում ներկայացված է 300 կազմակերպություններով, տարեկան հասույթը 205 մլն դոլար է, աճը 2011 թ.` մոտ 25 % (միջինն տարեկան աճը 22-23%):
Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարի խորհրդական Վահե Դանիելյանի` ՏՏ ոլորտի յուրաքանչյուր աշխատող տարեկան ստեղծում է 36 հազ. դոլարից ավելի արժեք, ինչն աննախադեպ բարձր է տնտեսության մյուս ճյուղերի համեմատ: Ոլորտի արտադրանքի 60%-ը սպառվում է ներքին շուկայում:




























