Համակարգչային խաղերի նախագծման Հայաստանի բաց առաջնությունը մեկնարկել է այսօր` ապրիլի 11-ին, Երեւանում: Այդ մասին տեղեկացնում են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից: Առաջնությունն անցկացվում է երկրորդ անգամ, նպատակն է զարգացնել համակարգչային խաղերի նախագծման ոլորտը Հայաստանում, ինչը հնարավորություն կտա ստեղծել նոր բիզնես միջավայր, բացահայտել նոր տաղանդներ, մոտիվացնել երիտասարդներին: Կազմակերպիչներն են ԻՏՁՄ-ն եւ «Orange Արմենիա» ընկերությունը:
Ըստ ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի` այս համակարգչային խաղերի ոլորտը դեռ բավականաչափ չի հետազոտվել ու շահագործվել Հայաստանում: Սակայն անցյալ տարվա մրցույթը աննախադեպ հետաքրքրությւուն էր առաջացրել, մրցույթին մասնակցել են նույնիսկ դպրոցականներ:
Ըստ «Orange Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուայի` այս տարի ավելի շատ շեշտը դրվել է բջջային հավելվածների ոլորտի վրա, քանի որ այն դինամիկ կերպով զարգացող ու աճող ոլորտ է եւ Հայաստանում, և աշխարհում:
«Բաց Խաղ» համակարգչային խաղերի առաջնությունն անցկացվելու է 4 փուլով եւ ունենալու է 9 անվանակարգ` Լավագույն բջջային խաղ, Սցենար, Նորարարություն, Դիզայն, Պատանիների առաջնություն (Junior), Լավագույն սոցիալական բջջ. հավելված, Լավագույն ժամանցային հավելված, Լավագույն հաղորդակցություն հավելված:
Մրցույթն անցկացվում է Sourcio, Teoken, Tx Systems, Triada, MicroSoft-RA ընկերությունների և Association of Modern Technologies Professionals, National Professional Cybersport League (NPCL) աջակցությամբ:
«Բաց Խաղ» համակարգչային խաղերի առաջնությունը չունի ո՛չ տարիքային եւ ո՛չ նախագծերի տիպերի եւ տեխնիկական հնարավորությունների սահմանափակում: Գրանցվելու համար հարկավոր է մինչեւ սեպտեմբերի 30-ը ուղարկել հայտը [email protected] էլ. հասցեին:




























