Հունաստանում խորհրդարանական արտահերթ ընտրությունները կկայանան մայիսի 6-ին: Այս մասին այսօր` ապրիլի 11-ին, հայտարարել է Աթենքի պետական լրատվական գործակալությունը` վկայակոչելով երկրի վարչապետ Լուկաս Պապադիմոսին:

Վերջինս այսօր հանդիպել է Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասի հետ եւ խնդրել նրան ցրել խորհրդարանը եւ արտահերթ ընտրություններ նշանակել, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Հունաստանի Սահմանադրությունը չի պահանջում ընտրություններ անցկացնել մինչեւ 2013 թվականի աշուն, սակայն իշխող կոալիցիայի անդամ աջ կենտրոնամետ եւ ձախ կենտրոնամետ կուսակցությունները պայմանավորվել են արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցի շուրջ:

Երկու ուժերն էլ հույս ունեն, որ նոր խորհրդարանում ավելի շատ մանդատներ կունենան: