Ռուբեն Հայրապետյանը պատրաստ է աջակցել իր մրցակիցներին շտաբ գտնելու հարցում: Այդ մասին Հայրապետյանն ասել է այսօր` ապրիլի 12-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ` անդրադառնալով «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանի հայտարարությանը, թե տեւական ժամանակ չեն կարողանում շտաբ գտնել Ավանում:
«Իմ մրցակիցներից կամ մեր կուսակցությանը մրցակից կուսակցություններից որեւէ մեկը եթե ինչ-որ հարցում նեղվում է, թող դիմեն ինձ, ես կօգնեմ նրանց»,- նշել է հանրապետական պատգամավորը:
Հայրապետյանը պատրաստ է անգամ ինքը վճարել շտաբների համար: «Ոչ էլ թող վճարեն, ես կվճարեմ նրանց փոխարեն: Եթե չեք կարողանում շտաբ ճարել, ինչո՞ւ եք մտնում քաղաքականության մեջ, այն էլ մեծ: Ամբողջ մի տարածքում չեն կարողանում շտաբ ճարել: Ժամանակին Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ նախագահական ընտրությունների ժամանակ չէր կարում շտաբ ճարել: Զանգեցին ինձ, արագ տարա շտաբի տեղ ճարեցի, հետո վեր կացան, ասեցին, թե ճնշում են իրենց: Ես ՀՀ ցանկացած խեղճ քաղաքացու աջակցում եմ»,- նշել է Հայրապետյանը:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի




























