Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն Աբովյան քաղաքում նախընտրական հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ՀԱԿ-ն ընտրապայքարում մասնակցելու է բոլոր անկեղծ նախաձեռնություններին, որոնք ուղղված են ընտրությունների օրինականության վերահսկմանը: Նա նշել է մի քանի կանոններ, որոնցով առաջնորդվելու է Կոնգրեսը:
«Ակտիվորեն մասնակցել ընտրությունների վերահսկողությանն ու օրինականության պահպանմանն ուղղված բոլոր անկեղծ նախաձեռնություններին, ասում եմ անկեղծ նախաձեռնություններին, որովհետեւ կան նաեւ թատերական նախաձեռնություններ, որոնք արվել են Նիկոյանի, Դավիթ Հարությունյանի կողմից: Սրանց հետ մենք գործ չունենք: Մասնավորապես, անկեղծ նախաձեռնություն ասելով` ես նկատի ունեմ ՀՅԴ, «Ժառանգության» «Բարգավաճ Հայաստան»-ի եւ Կոնգրեսի կողմից ձեւավորված միասնական շտաբի գործունեությունը: Սա շատ կարեւոր փաստ է:
Քննադատության հիմնական թիրախ դարձնել սարգսյանական վարչախմբի գլխավոր հենասյուները` ՀՀԿ-ին եւ նրա կույրաղիքը հանդիսացող «Օրինաց երկրին»:
Հակաքարոզչությամբ չզբաղվել, առավել եւս անձնական բնույթի որակումներով հանդես չգալ մյուս քաղաքական ուժերի, մասնավորապես միասնական շտաբում մեր գործընկերները հանդիսացող ՀՅԴ-ի, «Ժառանգության» եւ «Բարգավաճ Հայաստանի» ու նրանց թեկնածուների դեմ:
Միեւնույն ընտրատարածքներում Կոնգրեսը եւ նշված կուսակցությունները ներկայացնող թեկնածուների առկայության պարագայում առաջնորդվել բացառապես փոխադարձ հարգանքի, ազնիվ մրցակցության եւ արդար ընտրությունների անցկացման շուրջ համագործակցության սկզբունքներով:
Անկախ այն բանից` մեր գործընկերներր կհարգեն, թե կխախտեն այս կանոնները Հայ ազգային կոնգրեսը հաստատակամ է որեւէ պարագայում չշեղվել դրանցից»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ Աբովյանից առաջ ՀԱԿ-ի ներկայացուցիչները հանդիպում են ունեցել Եղվարդում, որտեղ իր ելույթում Տեր-Պետրոսյանն ասել էր. «Ես անձամբ համաձայն կլինեմ, թող երկիրը ղեկավարեն դաշնակցականները, կոմունիստները, քանի որ նրանք քաղաքական կուսակցություններ են, բայց ոչ գողերն ու ավազակները, ինչպիսին ՀՀԿ-ն է»:
Հայ ազգային կոնգրեսն այսօր նաեւ հանդիպումներ է ունենալու Չարենցավանի եւ Հրազդանի ընտրողների հետ:




























