Հայաստանից 2011 թ. արտահանվել է 580 խոր. մետր անտառանյութ: Այդ մասին նշված է ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի հրապարակման մեջ: Անտառանյութի արտահանումը դասակարգված է հետեւյալ տողում` «անտառանյութ` երկայնակի սղոցած կամ ճեղքված, 6 մմ-ից ավելի հաստությամբ»:
Անտառանյութի արտահանումից հասույթը կազմել է մոտ 300 հազ. դոլար, այսինքն` մեկ խոր. մետր անտառանյութն արատահանվել է 517 դոլարով: Բացի այդ` արտահանվել է 9.1 խոր. մետր անմշակ անտառանյութ, որի մաքսային արժեքը, որքան էլ տարօրինակ է, մշակված անտառանյութից ավելի բարձր է` 1 խոր. մետրը 1000 դոլար:
Նշենք, որ Հայաստանի անտառային տնտեսության պատասխանատուներն ու մոնիտորինգ իրականացնող մարմինները բազմիցս բացառել են, որ Հայաստանում արդյունաբերական կամ արտահանման նպատակով անտառ է հատվում:
Նշենք, որ անտառանյութի արտահանումը պարբերական բնույթ է կրում: Մասնավորապես` 2010 թ. արտահանվել էր 4 անգամ ավելի շատ` մոտ 2000 խոր. մետր մշակված անտառանյութ, ինչպես նաեւ 14.6 խոր. մետր անմշակ անտառանյութ:




























