Ժառանգությունը շատ փոքր է, որ պահանջի: Ըստ «Առավոտի», ասել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը` պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում «Ժառանգության» պահանջին, որ ընտրությունների համատեղ վերահսկման շտաբի ձեւավորման փաստաթղթի տակ պարտադիր պետք է լինի կուսակցությունների առաջին դեմքերի ստորագրությունները:
«Հիշեցնենք, որ շտաբի անդամների` ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի եւ «Ժառանգության» հանդիպման ժամանակ վերջինիս փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը պայման էր դրել, որ շտաբի ձեւավորման մասին փաստաթուղթը պետք է ստորագրեն նաեւ ներկայացված քաղաքական ուժերի ղեկավարները: Ըստ Հակոբյանի` եթե դա տեղի չունենա, ապա «Ժառանգությունը» «ձեռնպահ կմնա»:
Ծառուկյանի խոսքով` եթե «Ժառանգությունը» «համապատասխան խաղեր ունի կատարելու, թող կատարի»:
«Ով պետք է՝ դա ստորագրել է, ԲՀԿ-ն էլ միշտ հայտարարել է, որ բոլորի հետ պատրաստ ենք համագործակցել արդար, թափանցիկ ընտրություններ կատարելու համար», – ասել է ԲՀԿ ղեկավարը»,- գրում է թերթը:




























