Gallup-ի հրապարակած սոցհարցման տվյալներով` Հայաստանն ու Վրաստանը «տառապող» երկրների ցուցակում են:

146 երկրների բնակիչներին առաջարկվել  է 10-բալանոց սանդղակով գնահատել կյանքից իրենց բավարարվածության աստիճանը, որտեղ զրոն լիակատար անբավարարվածության աստիճանն է,  10-ը` բացարձակ երջանկության:

Ըստ այդմ, երեք խմբեր են տարբերակել`  «բարգավաճող», «դժվարություններ ունեցող» եւ  «տառապող»:

Ինչպես  «Ամերիկայի ձայնին» վկայակոչելով հայտնում է «Ռոսբալտը», հետխորհրդային տարածքի երկրների մեծամասնությունը «դժվարություններ ունեցողների» շարքում են. Լատվիայում, Տաջիկստանում եւ Ուկրաինայում տառապող քաղաքացիների թիվը կազմել է  23 տոկոս, Ռուսաստանում`19 տոկոս, Ադրբեջանում`18 տոկոս, Էստոնիայում` 17 տոկոս, Բելառուսում եւ Լիտվայում`16 տոկոս, Մոլդովայում`14 տոկոս, Ղազախստանում`11 տոկոս, Ղրղըզստանում` 8 տոկոս, Ուզբեկստանում` 4 տոկոս:

«Տառապողների» շարքում են նրանք, ովքեր 4 միավորից ցածր գնահատական են տվել: Այս խմբում 18 պետություն կա: Առավել դժբախտը Բուլղարիան է, որտեղ քաղաքացիների 45 տոկոսը դժգոհ է: Հայաստանում իրավիճակն ավելի լավ է, այստեղ բնակչության 35 տոկոսն է տառապում: Վրաստանում ցուցանիշը  28 տոկոս է: Հետազոտողները նաեւ նշում  են, որ վերջին տարում իրավիճակը  կտրուկ վատացել է Իրանում Աֆղանստանում եւ Սալվադորում:

24  առավել բարեկեցիկ երկրների շարքում առաջինը Բրազիլիան է, երջանիկներից են նաեւ Կանադան, Լյուքսեմբուրգը, Դանիան, Ավստրալիան, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան:

ԱՄՆ-ում բնակչության  3 տոկոսն է դժբախտ: