Ոստիկանության լրատվության վարչությունից NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պաշտոնապես հաստատել են, որ Գյումրիում կատարված սպանության կասկածանքով ձերբակալվածը Շիրակի մարզի Աշոցք գյուղի 29-ամյա բնակիչ Հարություն Սամվելի Սարգսյանն է:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ Քր.օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի (Սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը) եւ 235 հոդվածի 1-ին մասի (Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով: Նախաքննությունը շարունակվում է: Հիշեցնենք որ նախաքննությունը կատարվում է Հայաստանի ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչություն պետ Կարեն Բաբակեխյանը հայտնել էր, որ քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փեսայի սպանության գործով ձերբակալված երիտասարդը ոստիկանության Անի տարածաշրջանի բաժնի նախկին պետ Սամվել Սարգսյանի որդին` Հարություն Սարգսյանն է: Իսկ սպանությունը քաղաքական դրդապատճառներ չունի, այլ նախնական վարկածով խանդի հողի վրա կատարված սպանություն է:
«Մենք այստեղ քաղաքականություն բացարձակապես չենք տեսնում: Դեռ նախնական վարկածով դա է, ինչ վերը նշեցի: Այսինքն` խանդի հողի վրա տեղի ունեցած սպանություն»,-ասել էր Բաբակեխյանը:
Հարցին, թե ինչու է այս դեպքում Գյումրի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը տեղի ունեցածին քաղաքական ենթատեքստ տալիս, ոստիկանապետը արձագանքեց. «Ես ինչպե՞ս կարող եմ Վարդան Ղուկասյանի տեղը խոսել: Ըստ իս դա ոչ քաղաքական սպանություն է»: Իսկ հարցին, թե Հարություն Սարգսյանը մեղքը ընդունե՞լ է արդեն, թե՞ ոչ, Բաբակեխյանն արձագանքել էր. «Դեռ ոչ, աշխատում ենք այդ ուղղությամբ»:




























