Բելառուսը ԵՄ-ի հետ հարաբերություններում չի ընդունում բռնապետության եւ պատժամիջոցների քաղաքականությունը: Այդ մասին հայտնել է Բելառուսի ԱԳՆ-ի ղեկավար Սերգեյ Մարտինովն ապրիլի 16-ին Երեւանում` Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամլո ասուլիսում:
Պատասխանելով իր երկրում քաղբանտարկյալների հետագա ճակատագրի մասին հարցին` Մարտինովը նշել է, որ բելառուսական իրավունքում նման հասկացություն եւ հոդված չկա: «Ձեր նշած մարդկանց տեսակը հայտնվել է բանտարկության վայրերում որոշակի իրավախախտումների պատճառով», - ընդգծել է բելառուսցի նախարարը, ավելացնելով, որ նախօրեին Լուկաշենկոյի հրահանգով երկուսին ներում է շնորհվել:
Նա նշել է, որ ԵՄ-ի հետ հարաբերություններում Մինսկը միշտ հանդես է եկել եւ գալիս որպես հարաբերությունների հավասարության կողմնակից: «Մենք շահագրգռված գործընկերներ ենք», - ընդգծել է Մարտինովը:
Ըստ նրա` ԵՄ-ի հետ արտահանումը եւ առեւտուրը միլիարդավոր դոլարների է հասնում, եւ համագործակցությամբ հետաքրքրված են երկու կողմերն էլ: Բելառուսը կարեւոր տարանցիկ միջանցք է, որով ամեն տարի իրականացվում է շուրջ 100 միլիոն տոննա ապրանքափոխադրում:
«Բելառուսով Եվրոպա են փոխադրվում ռուսական նավթի շուրջ 70%-ը եւ ռուսական գազի 20%-ը: Բելառուսը եւ ԵՄ-ը համագործակցում են անօրինական ներգաղթի, թմրավաճառության, ռադիոակտիվ նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարում: Սակայն մենք չենք ընդունում բռնապետության եւ պատժամիջոցների քաղաքականությունը ոչ թե այն բանի համար, որ մեզ դուր չի գալիս, այլ նրա համար, որ այն ճիշտ չէ», - հայտարարել է Մարտինովը: Նա ավելացրել է, որ պաշտոնական Մինսկը հույս ունի լարվածության աստիճանական նվազման, անձամբ դրա համար ջանքեր կգործադրի, եւ հուսով է, որ ջանքերը փոխադարձ կլինեն:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, ապրիլի 14-ին նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հրահանգով ազատ էր արձակվել նախագահի նախկին թեկնածու Անդրեյ Սաննիկովը, որը 5 տարվա բանտարկության էր դատապարտվել 2010 թվականի դեկտեմբերի 19-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար:
Մեկ օր ուշ ազատության մեջ է հայտնվել «Եվրոպական Բելառուս» ընդդիմադիր շարժման համակարգող, նախագահի թեկնածու Սաննիկովի վստահված անձ Դմիտրի Բոնդարենկոն:
Ավելի վաղ Եվրախորհրդարանը բանաձեւ էր ընդունել, որում պահանջում էր անմիջապես բաց թողնել բոլոր 11 բելառուս քաղբանտարկյալներին: Մինչ այդ Մինսկի եւ Բրյուսելի միջեւ երկխոսությունն «առաջ գնալ չի կարող», ասված է փաստաթղթում:




























