Ներկա պահին որոշվում է Մինսկում Հայ-բելառուսական առեւտրի տուն բացելու հարցը` Երեւանում գործող Բելառուսա-հայկական առեւտրի տան համաբանությամբ: Այդ մասին հայտարարել է Բելառուսի ԱԳ նախարար Սերգեյ Մարտինովը` ապրիլի 16-ին հայ գործընկեր Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամլո ասուլիսում:
«Ակնկալում ենք, որ շուտով Բելառուսում կսկսվի հայկական կոնյակի արտադրություն եւ շշալցում», - նշել է նախարարը` հավելելով, որ բանակցություններ են տարվում Հայաստանում գյուղատնտեսական տրակտորներ հավաքելու վերաբերյալ, դիտարկվում է չոր տրանսֆորմատորների համատեղ արտադրության առաջարկը:
Ըստ նրա` կողմերը շահագրգռված են տնտեսական համագործակցության խորացմամբ, այդ նպատակով տարվում է նոր դեմքերի եւ շեշտադրումների որոնում, որպեսզի «դուրս գա սովորական առեւտրի սահմաններից դուրս եւ զարգանա արդյունաբերական համագործակցությունը»: Նշելով բելառուսական կողմի ուշադրությունը Հայաստանի կառավարության գյուղատնտեսական ծրագրին` նախարարը նշել է, որ Բելառուսը չնայած բավական անբարենպաստ կլիմայական պայմաններին, այդ ոլորտում հաջողությունների է հասել:
«Մենք այժմ սկսում ենք գյուղատնտեսական եւ այլ տեխնիկայի լիզինգի օգտագործման աշխատանքները Հայաստան ներմուծելիս: Այստեղ արդեն բացվել է մեր գլխավոր լիզինգային «Պրոմագրոլիզինգ» կազմակերպության ներկայացուցչությունը: Մենք հուսով ենք, որ լիզինգի կազմակերպման հարցերի լուծմանը զուգահեռ, դա կարող է դառնալ կարեւոր ճանապարհ ոչ միայն ֆերմերների կարիքների համար գյուղատնտեսական, այլեւ տեխնիկայի այլ տեսակների ընդլայնված մատակարարման համար », - նշել է նախարարը:
Նրա խոսքով` համագործակցության նման ձեւերին զուգահեռ, որոնք զարգացել են տարիներով, ինչպես, օրինակ բելառուսական ծանր տեխնիկայի մատակարարումը Հայաստանի հանքարդյունաբերության կարիքների համար, կողմերը համագործակցության նոր սահմաններ են դուրս եկել` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտ: Զարգանում է համագործակցությունը առողջապահության եւ դեղագործության ոլորտում, երկու երկրների գիտնականների միջեւ: Նախարարը նաեւ նշել է, որ Բելառուսը կարիք ունի Հայաստանից հատկապես այն արտադրանքների առաքումներին, որոնք Բելառուսը չի արտադրում կամ ոչ բավարար ծավալով է արտադրում: Կրկին ընդգծելով փոխգործակցության բարձր մակարդակը` նախարարը նշել է, որ վերը թվարկված բոլոր ուղղություններով համագործակցությունը ծրագրային բնույթ է կրում:




























