Ազգային երաժշտական մրցանակաբաշխությանն, ի թիվս այլ մասնակիցների եւ հյուրերի, կարմիր գորգով անցավ նաեւ հաղորդավար եւ երգիչ Արսեն Գրիգորյանը, ամուր գրկած ընկերուհուն, ով սակայն բեղավոր էր։ Նշենք, որ աղջիկը արատավոր չէ, իսկ բեղերը փակցված էին՝ անճանաչելի մնալու համար։

Արսենի ընտրյալը երեւանյան ակումբներում շատ հայտնի բարմենուհի Քեթին է, որի հետ հարցազրույցը NEWS.am-ն ընթերցողին էր ներկայացրել մոտ երկու ամիս առաջ։ Դեռ այն ժամանակ՝ վրացուհի Քեթին թղթակցին խոստովանել էր, որ ընկեր ունի, սակայն «փակագծերը չէր բացել», եւ չէր բացահայտել ընկերոջ անձը։

Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին Երեւանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալերտի ազգային ակադեմիական թատրոնի շենքում կայացավ ամենամյա ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը։

«Ազգային երաժշտական մրցանակաբաշխություն 2012»-ի լավագույն կատարողներ են ճանաչվել Սոնա Շահգելդյանն ու Էրիկը:
Մի քանի ժամ տեւած մրցանակաբաշխությանը ներկայացված էր 15 անվանակարգ եւ 16 հատուկ մրցանակ: «Տարվա հայտնություն» անվանակարգում հաղթող է ճանաչվել Նարինե Դովլաթյանը, «Կատարողական արվեստի տարվա հայտնություն»` Նարեկ Հախնազարյանը, «Լավագույն  տեսահոլովակ» ճանաչվել Սիրուշոյի I like it երգը, «Լավագույն ալբոմ»՝ «Դորիանս» ռոք խմբի FLY ալբոմը, «Լավագույն դուետ»՝ Լիլիթ Հովհաննիսյանը եւ Միհրան Ծառուկյանը, «Լավագույն ջազ նախագիծ»` «Կատուներ» խումբը, «Լավագույն ռադիոնախագիծ»՝ Time out հաղորդաշարը:

«Լավագույն ժողովրդական համույթ» է ճանաչվել Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի անսամբլը, «Լավագույն ռոք խումբ»՝ The beautified project-ը, «Լավագույն դասական ալբոմ»՝ Էդգար Հովհաննիսյանի «Խմբերգերը», «Լավագույն Սաունդտրեք»՝ Արտո Թունջբոյաջյանի՝ «Ալաբալանիցան», «Տարվա հիթ»՝ Գոհար համույթի «Պապենական Կիլիկիան»:

Նշենք, որ մրցանակաբաշխությունը սկսվեց հայտարարված ժամից մեկ ժամ ուշացումով։ Այդ ընթացքում ֆոտոլրագրողներին արգելել են աշխատել դահլիճում, լրագրողներն էլ ստիպված են եղել ֆոյեում դրված հեռուստացույցի էկրանից հետեւել դահլիճի իրադարձություններին, չնայած այն հանգամանքին, որ դահլիճում ազատ էր, եւ աշխատանքի խոչընդներ չկային։

Լուսանկարները` Սոնա Բարսեղյանի