Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` ապրիլի 16-ին նախընտրական քարոզարշավի շրջանակներում այցելել է Սյունիքի մարզ: Այցի շրջանակներում ՀՀԿ նախագահը եղել է Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատում, ծանոթացավ գործարանում իրականացված աշխատանքերի եւ նախագծերի հետ, մասնակցել նաեւ հարստացուցիչ ֆաբրիկայի նոր մասնաշենքի բացման արարողությանը: Քաջարանում Սերժ Սարգսյանը մասնակցել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մանրացման տեղամասի մասնաշենքի բացման արարողությանը, իսկ Մեղրիում Սերժ Սարգսյանը այցելեց Մեղրու նոր կառուցվող բժշկական կենտրոնի շինհրապարակ եւ ծանոթացել իրականացվող աշխատանքներին:
Ագարակում ընտրողների հետ հանդիպմանը ՀՀԿ նախագահը նշել է, թե Ագարակը զարգացած տնտեսությամբ քաղաք է, սակայն դա դեռ վերջնական արդյունք չէ եւ շատ անելիքներ կան: Նա նշել է, թե իշխանությունները ոչ մի միջոց չի խնայել Հայաստանի ծայրամասերի զարգացման համար: Սարգսյանը նկատել է, որ ՀՀԿ-ն գիտի երկրի բոլոր հատվածների խնդիրները եւ ջանքեր է գործադրելու դրանց լուծման ուղղությամբ:
Մեղրիում կայացած հանդիպմանը նախագահը նշել է, թե իշխանությունները պատերազմ են հայտարարել կաշառակերությանը եւ մենաշնորհային դիրքի չարաշահմանը: «Մենք արդեն ունեն հաջողություններ, ճիշտ ճանապարհի վրա ենք ու ցանկանում եմ խնդրել ձեր օգնությունը այդ ուղղությամբ հետագա հաջողություններն ապահովելու համար»,- նշեց Սերժ Սարգսյանը: Նա սյունեցիներին կոչ է արել իրենց ձայնը տալ ՀՀԿ-ին, իսկ մեծամասնական ընտրակարգով Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանի որդուն` ԱԺ պատգամավոր Վահե Հակոբյանին:







































