Մոսկվան մտադիր չէ «Վորոնեժ» տիպի ռադիոլոկացիոն կայաններ տեղադրել Հայաստանեւմ եւ Մերձդնեստրում, ինչպես հաղորդվել էր ավելի վաղ: Այս մասին «Նեզավիսիմայա գազետա» թերթին հայտնել է Ռուսաստանի ՊՆ-ում իր աղբյուրը:

Դրա փոխարեն, զինվորականները մտադիր են նման ռադիոլոկացիոն կայանների ցանց զարգացնել Ռուսաստանի տարածքում` Լենինգրադի, Կալինինգրադի եւ Իրկուտսկի մարզերում ու Արմավիրի մոտ:

Միաժամանակ, նախագահամերձ շրջանակներից թերթը տեղեկացել է, որ Ռուսաստանը մտադիր է «Վորոնեժ» տիպի ՌԼԿ տեղակայել Տիրասպոլում, որը կլինի Մոսկվայի պատասխաններից մեկը Ռումինիայում ՆԱՏՕ-ի ռազմակայանի հիմնմանը եւ ԵվրոՀՀՊ-ի ստեղծմանը:

Սպասվում է, որ ապրիլի 18-ին Վիեննայում տեղի կունենա Մերձդնեստրի հակամարտության կարգավորման բանակցությունների հերթական փուլը: Ուկրաինայի, Մոլդովայի եւ Ռումինիայի իշխանությունները համարում են, որ բանակցությունների հիմնական թեմաներից մեկը Մերձդնեստրում ռուսական ՌԼԿ-ի տեղադրման հարցն է:

Ռումինական եւ ուկրաինական լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնել էին, որ Ռուսաստանը կարող է Մերձդնեստրում ռազմակայան կառուցել եւ նոր ռադար ու «Իսկանդեր» հրթիռային համալիրներ տեղակայել: