Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Բելառուսի ԱԳ նախարար Սերգեյ Մարտինովին: Ողջունելով հյուրին Հայաստանում՝ վարչապետը նշել է. «Հայաստանի եւ Բելառուսի միջեւ պատմականորեն ձեւավորվել են ջերմ, բարեկամական եւ քաղաքական բարձր մակարդակի հարաբերություններ, ինչի համար ուրախ ենք:  Միաժամանակ, տնտեսական ոլորտում առկա է երկկողմ կապերի զարգացման եւ ընդլայնման մեծ ներուժ: Մենք պարտավոր ենք ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ տնտեսական փոխհարաբերությունների ամրապնդման համար»:

Զրուցակիցները կարեւորել են հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները, որի հաջորդ նիստը կայանալու է ընթացիկ տարվա աշնանը՝ Մինսկում:

Այս համատեքստում, Տիգրան Սարգսյանը եւ Սերգեյ Մարտինովը քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցությանն առնվչող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Հայաստանում Հյուսիս-հարավ ավտոմայրուղու եւ ատոմային նոր էներգաբլոկի կառուցման աշխատանքներին բելառուսական կողմի հնարավոր ներգրավմանը, մեր երկրում հիմնված  բելառուսական գյուղատնտեսական լիզինգային ընկերության գործունեությանը, ինչպես նաեւ գյուղտեխնիկայի հնարավոր մատակարարմանը:

Կողմերը քննարկել են Երեւանի ավտոբուսային պարկը եւ վերելակային տնտեսությունը բելառուսական ավտոբուսներով ու վերելակներով համալրելուն առնչվող հարցեր: Վարչապետ Սարգսյանը եւ Սերգեյ Մարտինովը հեռանկարային են համարվել ադամանդագործության, ատոմային էներգիայի եւ զբոսաշրջության բնագավառներում Հայաստանի եւ Բելառուսի միջեւ համագործակցությունը: 

Հանդիպման ավարտին վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայությամբ ՀՀ էկոնոմիկայի նախարարության եւ Բելառուսի ֆինանսների նախարարության միջեւ ստորագրվել է ոսկերչական ոլորտում համագործակցության հուշագիր: Այն ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը եւ Բելառուսի արտգործնախարար Սերգեյ Մարտինովը: