Հայաստանում խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պատասխանողների 56%-ը չի հավատում ազատ, թափանցիկ եւ արդար ընտրությունների անցկացմանը: Այդ մասին ապրիլի 17-ի մամլո ասուլիսին հայտարարել է դոկտոր Ռասա Ալիշաուսկենեն  «The Gallup Organization»-ից:

Ըստ նրա` հարցվածների 36%-ը վստահություն է հայտնել, որ կանցկացվեն ազատ եւ արդար ընտրություններ:  58%-ը նշել է, որ կմասնակցի քվեարկությանը պարտադիր կերպով,  30%-ը հայտարարել էն, որ ամենայն հավանականությամբ կմասնակցեն քվեարկությանը, հարցվածների մնացած մասն էլ դեռեւս չի կողմնորոշվել այդ հարցում: 

Ալիշաուսկենեն կարծիք է հայտնել, որ դա կարող է խանգարել քվեարկությանն ընտրողների ակտիվ մասնակցությանը, քանի որ եթե միջին ընտրողը կողմնակալ վերաբերվի ընտրություններին եւ մտածի, որ իր ձայնը ոչինչ չի որոշում, ապա պարզապես չի մասնակցի ընտրական գործընթացին:

Հարցումները ցույց են տվել, որ կուսակցությունների եւ ընտրական գործընթացների մասին հիմնական տեղեկությունը հարցվածների  96%-ն ստանում է  հեռուստատեսությունից,  31%-ը նշել են ռադիոն,  31%-ը որպես աղբյուր անվանել են նաեւ ընկերներին եւ ծանոթներին,  26%-ը` համացանցը,  25% -ը` թերթերը,  6%-ը` քաղաքական գործիչների հետ հանդիպումները,  5%-ը` նախընտրական պաստառները, տրանսպորտի վրա գրառումները: Ըստ  Ալիշաուսկենեի` երիտասարդների շարքում տեղեկատվության աղբյուրի առաջին տեղում համացանցն է, իսկ հետո արդեն հեռուստատեսությունն ու թերթերը: Երեւանում համացանցի դերն ընտրական քարոզարշավում  ավելի կարեւոր է, քան երկրի այլ քաղաքներում:

Նշենք, որ հարցումը կատարել է «The Gallup Organization»-ը` Հայաստանի սոցիոլոգիական ասոցիացիայի հետ համատեղ:

Հարցումների արդյունքում զեղծարարությունների հնարավորությունը չի գերազանցում  +/- 3,1%-ը, վստահության մակարդակը` 95%-ը:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի