Բրյուսովի անվան Երեւանի պետական լեզվաբանական համալսարանի ուսանողները մտադիր են դասադուլ հայտարարել` ի պաշտպանություն պաշտոնից ազատված ռեկտոր Սուրեն Զոլյանի: Այսօր` ապրիլի 18-ին, բողոքի ցույց է տեղի ունեցել Հայաստանի Կրթության եւ գիտության նախարարության շենքի առջեւ:
Մի քանի հարյուր ուսանողներ վանկարկել են, որ «իրենք Բրյուսով կմտնենք միայն Զոլյանի գլխավորությամբ»:
«Դասադուլ Բրյուսովի բակում»,- հընթացս կարգախոս են ընտրել նրանք: Ուսանողները պայման են առաջադրել, որ դասադուլը կդադարեցնեն միայն այն դեպքում, երբ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հանդիպի եւ լսի իրենց պահանջը:
Նշենք, որ Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի ապրիլի 18-ի հրամանով պետական լեզվաբանական համալսարանի ռեկտորի պարտականությունների կատարումը հանձնարարվել է ԵՊԼՀ-ի իրավական, վարչական եւ տնտեսական աշխատանքների գծով պրոռեկտոր Գաբրիել Բալայանին՝ մինչեւ սահմանված կարգով ռեկտորի ընտրությունն ու նշանակումը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի ապրիլի 10-ի հրամանով Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանի նկատմամբ երկրորդ անգամ կիրառվել էր կարգապահական տույժ՝ հայտարարվել է խիստ նկատողություն:
Նախարար Արմեն Աշոտյանն ավելի ուշ հրաման էր ստորագրել` «Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան» պետական ոչ առեւտրային կազմակերպության գործադիր մարմնի ղեկավար` ռեկտոր Ս. Զոլյանի լիազորությունները դադարեցնելու եւ 2008 թվականի մարտի 17-ին կնքված թիվ 134 աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին»։





























