Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանին աշխատանքից ազատել են միայն իրավական հիմքերով: Այդ մասին այսօր` ապրիլի 18-ին, լրագրողների հետ զրույցում հայտնել է Հայաստանի ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը` անթույլատրելի որակելով ցանկացած շահարկում:

Աշոտյանը կարեւոր է համարել, որ համալսարանը շարունակի աշխատել բնականոն հունով: Նա նաեւ իր դեմ բողոքի ակցիա իրականացնող ուսանողներին հորդորել է լավ սովորել: Այդուհանդերձ, ԿԳ նախարարը բնական է համարել, որ բազմաթիվ ուսանողներ բողոքի ակցիա են անում` հանուն Սուրեն Զոլյանի: «Դա բնական եմ համարում, քանի որ նրա երկարամյա աշխատանքային գործունեության արդյունքում պետք է լինեն մարդիկ, ովքեր շաղկապված են այդ մարդու հետ: Դա նաեւ նշանակում է, որ մեր բուհում ուսանողները, դասախոսները ազատամիտ են եւ բարոյական են այնքանով, որ իրենց նախկին ղեկավարին պատրաստ են պաշտպանելու»,- ասել է Աշոտյանը:

Նախարարը նաեւ անթույլատերլի է համարել Սուրեն Զոլյանի պահվածքը: «Ես խորը ցավ ապրեցի այս պատմության համար ոչ թե աղմուկի պատճառով, այլ այն գործելոճով, բառապաշարով, որը որդեգրեց նախկին ռեկտորը»,- հիասթափությունն է հայտնել Աշոտյանը` հավելելով, որ ճիշտ քննադատելու կամ իր ազատման հարցերը նախարարի վերադասներին հայտնելու փոխարեն Սուրեն Զոլյանը զգացմունքային հայտարարություններ է անում:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի  ապրիլի 10-ի հրամանով Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանի նկատմամբ երկրորդ անգամ կիրառվել էր կարգապահական տույժ՝  հայտարարվել է խիստ նկատողություն:

Նախարար Արմեն Աշոտյանն ավելի ուշ հրաման էր ստորագրել` «Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան» պետական ոչ առեւտրային կազմակերպության գործադիր մարմնի ղեկավար` ռեկտոր Ս. Զոլյանի լիազորությունները դադարեցնելու եւ 2008 թվականի մարտի 17-ին կնքված թիվ 134 աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին»։

Աշոտյանի ապրիլի 18-ի հրամանով պետական լեզվաբանական համալսարանի ռեկտորի պարտականությունների կատարումը հանձնարարվել է ԵՊԼՀ-ի իրավական, վարչական եւ տնտեսական աշխատանքների գծով պրոռեկտոր Գաբրիել Բալայանին՝ մինչեւ սահմանված կարգով ռեկտորի ընտրությունն ու նշանակումը: