Վայոց Ձորի մարզում նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցն այսօր՝ ապրիլի 18-ին, մեկնարկել է Ջերմուկ քաղաքի «Արմենիա» առողջարանային կենտրոնի դիմաց կառուցվող նոր հյուրանոց-ջրաբուժարանի շինհրապարակ այցելությամբ: NEWS.am-ին Նախագահական տեղեկատվական համակարգից հայտնեցին, որ մինչեւ 150 աշխատատեղ ապահովող նոր հյուրանոցի կառուցումը կավարտվի 2013թ։

Հանրապետության ղեկավարին զեկուցել են, որ արդեն  ավարտված են շենքի երկաթբետոնե կմախքի աշխատանքները: Եղանակի բարենպաստ պայմանների պարագայում, կսկսվեն շենքի քարային, տանիքի ծածկման, միջնորմային պատերի, դռների եւ պատուհանների, հատակների ու երեսպատման աշխատանքները: 2013թ. արդեն կիրականացվեն շենքի ներքին հարդարման, ինժեներական ենթակառուցվածքների եւ արտաքին բարեկարգման աշխատանքները։

Վայոց Ձորի մարզ աշխատանքային այցի ծրագրի շրջանակներում նախագահն այցելել է նաեւ «Վեդի Ալկո» ընկերության «Գետափի» գինու գործարան:  Այստեղ Սերժ Սարգսյանը ծանոթացել է գործարանի արտադրական հզորություններին, պայմաններին եւ զարգացման ծրագրերին, որոնցից մեկն էլ 2012թ. նախատեսված գինենյութերի պահպանման արտադրամասի կառուցումն է: Գործարանի պատասխանատուների հավաստմամբ, այն հնարավորություն կտա լրացուցիչ 60 հազար դեկալիտր գինենյութ պահպանել ջերմային արդյունավետ պայմաներում: