Համաշխարհային տնտեսական ֆորումի կողմից հրապարակվող 2011-12 թ.թ. Մրցունակության համաշխարհային զեկույցում Հայաստանը 142 երկրների շարքում զբաղեցնում է 92-րդ տեղը: 2010-11 թ.թ. զեկույցում Հայաստանը զբաղեցնում էր 98-րդ տեղը (139 երկրների շարքում):

Թեեւ առկա դրական տեղաշարժին` Հայաստանը իր հարեւանների ու ԱՊՀ մյուս երկրների համեմատ բավական ցածր դիրքեր է զբաղեցնում: ԱՊՀ երկրներից ամենաբարձր տեղ, ինչպես եւ նախորդ տարի, զբաղեցնում է Ադրբեջանը` 55-րդ: Ընդ որում` նախորդ տարվա համեմատ Ադրբեջանը 2 կետով առաջ է գնացել: Հաջորդը Ռուսաստանն է` 66-րդ տեղ: Հայաստանից առաջ է նաեւ Վրաստանը` 88-րդ տեղ (առաջընթացը` 5 կետով): Հայաստանից ետ են միայն Մոլդովան (93-րդ տեղ), Տաջիկստանը (105-րդ տեղ) եւ Ղրղզստանը (126-րդ տեղ):

Մրցունակության համաշխարհային զեկույցը պատրաստվում է 12 հենասյուների հիման վրա: Հայաստանն ամենաբարձր դիրք ունի «աշխատուժի շուկայի վերապատրաստում» հենասյան մասով` 34-րդ տեղ: Համեմատաբար բարձր դիրք ունի նաեւ «բարձրագույն կրթություն եւ վերապատրաստում» հենասյունը` 76-րդ տեղ: 

Ամենացածր դիրքերում է «շուկայի չափը»` 115-րդ տեղ, եւ «մակրոտնտեսական միջավայր/կայունությունը»` 114-րդ տեղ:

Հատկանշական է, որ մակրոտնտեսական միջավայրի գնահատականի վրա ամենամեծ ազդեցություն թողել է գնաճի ցուցանիշը, որը 41 կետով ետընթաց է արձանագրել: Սրա հիմնական պատճառը 2010 թ. 9.4% գնաճն է, քանի որ զեկույցը մասամբ հիմնված է 2010 թ. արդյունքների վրա, իսկ 2011 թ. տվյալները հաշվի են առնված մասնակիորեն (ամենայն հավանականությամբ` կիսամյակային տվյալների բազան է օգտագործվել): Նշենք, որ գնաճը Հայաստանի ցուցանիշների մեջ ամենամեծ անկում ապահոված գործոնն է:

Իսկ ամենամեծ աճ ապահոված գործոնը բջջային հեռախոսակապի բաժանորդագրությունն է, որի արդյունքներով Հայաստանը զբաղեցրել է 33-րդ տեղը` առաջ գնալով միանգամից 48 կետով: Ինտերնետ օգտագործողների ցուցանիշով Հայաստանը զբաղեցրել է 68-րդ տեղը, առաջընթացը +43 է:

Զգալի առաջընթաց կա նաեւ ֆինանսական շուկայի արդյունավետության մասով: Մասնավորապես` վարկերի հասանելիության ցուցանիշով Հայաստանը  39 կետով առաջ է շարժվել եւ հայտնվել 85-րդ տեղում: