ՀՀԿ քարոզարշավի շրջանակներում Եղեգնաձորում ունեցած հանդիպման ժամանակ, կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է հարցին, թե ինչու է ինքը մենակ իրականացնում քարոզարշավը, եւ արդյոք ՀՀԿ-ում կարող ուժեր չկան:
«Ամբողջ կյանքիս ընթացքում ես երբեք չեմ խուսափել ինձ հասանելիք պատասխանատվության բաժնից: Ավելին՝ մշտապես ուրիշների ակնկալածից ավելին եմ ստանձնել ու արել: Արել եմ, որպեսզի ծրագրերս իրականություն դառնան:
Այսօր էլ որպես Հանրապետականի ղեկավար՝ անձամբ եմ ղեկավարում այս ընտրարշավը: Եվ դա անում եմ լրջագույն պատասխանատվությամբ ու մեծագույն պատիվ համարելով: Եվ ուզում եմ այստեղից, սիրելի եղեգնաձորցիներ, պատասխանել բոլոր այն չարակամների հարցերին, ովքեր փորձում են մեզ ուղղել, փորձում են ասել, թե Հանրապետականում այլ կարող ուժեր չկան, իբր ես մենակ եմ իրականացնում քարոզարշավը եւ այդպիսի բազմաթիվ հեքիաթներ: Իհարկե, սա իրականությանը չի համապատասխանում: Բոլորդ գիտեք, որ Հանրապետականն իր քարոզարշավն իրականացնում է՝ ընդգրկելով հազարավոր մարդկանց: Հազարավոր Հանրապետականներ մեր գյուղերում ու քաղաքներում են, եւ նրանք հստակ հաշվետվություններ են ներկայացնում, ներկայացնում են ապագայի մեր պատկերացումները, մեր ծրագրերը: Բնականաբար, ես եմ կիզակետում, որովհետեւ ես եմ այդ կուսակցության ղեկավարը, եւ շատ մարդկանց համար անհասկանալի կլինի, թե ինչու կուսակցության համար շատ կարեւոր պահի քաշվում եմ երկրորդ պլան: Ես երբեք այդպիսի պատասխանատվությունից չեմ խուսափել, չեմ խուսափում հիմա եւ երբեք չեմ խուսափելու:
Հանրապետականը եւս պատասխանատվությունից երբեք չի՛ խուսափել: Եվ մենք պատրաստ ենք անել ավելին, քան մեզանից ակնկալում են»,-ընդգծել է Սերժ Սարգսյանը:
Սերժ Սարգսյանը նշել է, որ իր գլխավորած քաղաքական ուժը մշտապես լայնախոհություն եւ շրջահայացություն է ցուցաբերել, հարգանքով է վերաբերվել քաղաքական մրցակիցներին, ազնիվ մրցակցության մշակույթի կողմնակիցն է եղել եւ այսուհետ էլ այդպես է գործելու: «Այս ընտրարշավը մեր քաղաքական համակարգի հասունության լավագույն ապացույցն է: Վիրավորանքն ու պիտակավորումը չպետք է տեղ ունենան մեր քաղաքական կյանքում»,-ասել է ՀՀԿ նախագահը:




























