Հայաստանի քաղաքացիները առաջիկայում (մոտ 10 օրից) կարող են պետական հաստատություններին վճարումներ իրականացնել էլեկտրոնային եղանակով: Այդ մասին այսօր` ապրիլի 19-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը: Նրա խոսքով` Հայաստանում ներդրվում է էլեկտրոնային կառավարման համակարգ, որը թույլ է տալիս մոտ 1500 տեսակի վճարումներ իրականացնել պետական մարմիններին ինտերնետի միջոցով: Սա վերաբերում է պետական տուրքերին, բոլոր տեսակի տուգանքներին (այդ թվում` ճանապարհային ոստիկանության կողմից նշանակված), պետական ծառայությունների վճարներին (օրինակ` լիցենզիաների, անձնագրերի ստացման համար):

Վճարումը կարելի է իրականացնել ArCa եւ Master Card քարտերով: Ըստ Դ. Սարգսյանի` առայժմ այս քարտերն են ապահովում ինտերնետի միջոցով վճարումներ իրականացնելու հնարավորությունը:

Նորամուծությունը ձեռնտու է ՀՀ քաղաքացիներին, քանի որ վճարման նոր գործիքների միջնորդավճարներն անհամեմատ ցածր են բանկային միջնորդավճարների համեմատ: Դ. Սարգսյանի տեղեկացմամբ` 2-3 հազար դրամի վճարման միջնորդավճարը կլինի 8-10 դրամ:

Բացի պետական վճարումներից`համակարգը տարածվում է նաեւ Երեւանի, Գյումրիի եւ Վանաձորի քաղաքապետարանների հաշիվներին փոխանցվող տեղական տուրքերի ու գանձումների վրա: Կառավարության աշխատակազմի ղեկավարը հավաստիացրեց, որ աստիճանաբար մյուս համայնքները նույնպես կներառվեն այս համարգում: