«Ազատություն» ռադիոկայանն ստացել է մոտ երկու տարի առաջ Կրեմլ ուղարկած իր հարցման պատասխանը: Հարցումը վերաբերում է Պետերբուրգում Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ պետական գնումների գործով Վերահսկիչ վարչության ստուգումներին: Պատասխանում, որ ուղղագրական սխալներ է պարունակում, ասվում է, թե փաստաթղթերը գոյություն չունեն:
«Ստուգման նյութերն այլեւս չեն պահվում»,- ասված է պատասխանում:
Ավելի ուշ գրասենյակից հայտնել են, թե բանաձեւը պատրաստել է մամուլի քարտուղար Նատալյա Տիմակովայի օգնական Օլգա Աբդուռահմանովան` քննարկելով ղեկավարի հետ: Գրասենյակի աշխատակիցներն այդպես էլ չեն հստակեցրել, թե որքան է արխիվում փաստաթղթերի պահման ժամկետը, հաղորդում է Kasparov.ru-ն:
Նախկինում ռադիոկայանը բազմիցս դիմել է նման հարցումներով, երկու անգամ հարցումը արհամարհել են: Ի վերջո գրասենյակը խոստովանել է, որ նամակ ստացել են, բայց կորցրել են:
Նշենք, որ փաստաթղթերը, որոնց հիման վրա իրավապաշտպան Մարինա Սալյեն զեկույց էր պատրաստել, հայտնվել էին ինտերնետում նրա մահից օրեր անց:
Ըստ այդմ, 1992թ. Սանկտ-Պետերբուրգում ստուգել են Պուտինի գործունեությունը եւ պարզել, որ նա իր տեղակալ Վլադիմիր Ակինինի հետ երկրից նավթամթերքներ է հանել` տասնյակ միլիոնավոր դոլարների վնաս հասցնելով:




























