Հայ ազգային կոնգրեսում բազմակարծություն է տիրում եւ դա նրա առավելությունն է: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀԱԿ մամուլի քարտուղար Արման Մուսինյանը` պատասխանելով հարցին` արդյոք ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանի հայտարարությունը արտացոլում է քաղաքական ողջ դաշինքի դիրքորոշումը: Արամ Մանուկյանը պնդել էր, որ Քոչարյանի եւ «Բարգավաճ Հայաստանի» միջեւ կապ չկա:

«Կոնգրեսի ներսում բազում հարցերի վերաբերյալ կան տարբեր տեսակետներ, եւ դա մեր առավելությունն է»,- ասել է Մուսինյանը:

Դիտարկմանը, թե մինչ վերջերս ՀԱԿ-ը եւ նրան աջակցող թերթերը մինչ վերջերս կտրուկ քննադատում էին էին «Բարգավաճ Հայաստանին»` որպես իշխանության մի մասի, այդ թվում նաեւ 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների համար, իսկ այսօր փոխգործակցություն է նկատվում երկու ուժերի միջեւ, Մուսինյանը պատասխանեց. «Մենք համագործակցում ենք այն քաղաքական ուժերի հետ, որոնք պատրաստ են պայքարել ընտրություններում կեղծիքների դեմ: Ներկայումս կա ընտրությունների վերահսկման միացյալ շտաբ, որում ընդգրկված է նաեւ «Բարգավաճ Հայաստանը»»:

Նշենք, որ այսօր` ապրիլի 19-ին կայացած մամուլի ասուլիսում ՀՀՇ վարչության նախագահ Արամ մանուկյանն ասել էր, թե Հայաստանում չկա Ռոբերտ Քոչարյան անունով քաղաքական գործիչ, իսկ ԲՀԿ-ն որեւէ կապ չունի նրա հետ: