Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի գործունեությունը դրական են գնահատել պատասխանողների 60 տոկոսը: Այդպիսին են Հայաստանում խորհրդարանական ընտրությունների նախաշեմին անցկացված հարցման արդյունքները: Ապրիլի 20-ին Երեւանում կայացած մամլո ասուլիսում Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի (ՀԿՈՒՀԿ) ղեկավար Վալերի Ֆյոդորովը ներկայացրել է «Շանթ» հեռուստաընկերության պատվերով Հայաստանի քաղաքացիների շրջանում անցկացված հարցման արդյունքները:
Միաժամանակ, երկրի վիճակը քաղաքացիները հակված են գնահատել իբրեւ բացասական (66%): Հարցվածների կեսից ավելին հակված է մտածել, որ պետությունում իրադրությունը վատանում է (55%):
Հարցվածների 74% -ը հետեւում է երկրի սոցիալ-քաղաքական իրադարձություններին: Հանրային ուշադրության կենտրոնում վերջին ժամանակներս նախընտրական գործընթացներն են (27%): Նշանակությամբ երկրորդ երեւույթը դրամի արժեզրկումն է (14%):
Հայաստանի ամենասուր խնդիրը քաղաքացիները համարում են գործազրկությունը (51%): Երկրորդ տեղում է տարածքի անբարեկարգ վիճակը (36%), երրորդը` ցածր կենսամակարդակը (25%): Հետո հաջորդում են էլեկտրամատակարարման, ջեռուցման, ջրամատակարարման հետ կապված խնդիրները (19%), գյուղատնտեսության անկումը, գնաճը (15-ական տոկոս), շրջակա միջավայրի աղտոտվածությունը (14%), հասարակական տրանսպորտի վատ աշխատանքը (12%), բնակարանային խնդիրը (11%): Պետական ծախսերի առաջնահերթությունը, ըստ պատասխանողների, պետք է լինի գործազրկության դեմ պայքարը (35%): Քաղաքացիները նաեւ իշխանություններին խորհուրդ են տալիս ուշադրություն դարձնել աղքատության հաղթահարմանը (16%), արդյունաբերության վերականգնմանը (8%), գյուղատնտեսության զարգացմանը եւ բնակավայրերի բարեկարգմանը (6-ական տոկոս):
Նախագահ Սերժ Սարգսյանի գործունեությունը բնակիչների մեծամասնությունը դրական է գնահատել (60%): Վարչապետի աշխատանքին դրական գնահատական է տվել 50% -ը, այնինչ ընդհանուր կառավարության աշխատանքը ավելի քիչ է հավանության արժանացել (36%): Ինչ վերաբերում է տեղական ինքնակառավարման մարմիններին, մարզերի ղեկավարների/Երեւանի քաղաքապետի աշխատանքը դրական է գնահատել 56%-ը, քաղաքապետների (գյուղապետների) աշխատանքը` 47%-ը:
Ազգային ժողովի սպասվելիք ընտրությունների մասին տեղյակ են հարցվածների 98%-ը, քվեարկությանը մասնակցելու են 72%-ը, մասնավորապես` 65% երեւանցիներ եւ 75-76% այլ բնակավայրերի բնակիչներ:
Հարցվողներն ընտրություններին մասնակցելու մտադրությունը հիմնականում բացատրում են նրանով, որ դա իրենց պարտականությունն է (37%): Այլ դրդապատճառների շարքում է իրենց նախընտրած կուսակցությանն աջակցելու ցանկությունը (20%) եւ մտավախությունը, որ ինչ-որ մեկը կարող է օգտագործել «ձայնը» (19%): 15%-ն ընտրատարածք կգնան այն հույսով, որ կյանքը երկրում կլավանա: Նրանք, ովքեր չեն պատրաստվում քվեարկել, իրենց հերթին դա բացատրում են նրանով, որ իրենց ձայները ոչինչ չեն փոխի (55%): Առավել քիչ նշանակալի են ընտանեկան եւ այլ հանգամանքներ:
Քարոզարշավի ինտենսիվությամբ առաջատարն է «Բարգավաճ Հայաստանը» (54%-ը նրան տեսել են, 83%-ին նա դուր է եկել): Երկրորդ տեղում է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (45 եւ 75% համապատասխանաբար), երրորդ տեղում ` «Օրինաց երկիր» կուսացությունը (39 եւ 60% համապատասխանաբար): Մյուս կուսակցությունների քարոզարշավները տեսել են հարցվողների 26%-ից ոչ ավելին, սակայն նրանցից շատերին այն դուր է եկել:
Փափուկ վարկանիշում առաջատարն է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (հարցվողների 75%-ը չեն բացառում որոշակի հանգամանքներում նրան աջակցելու հնարավորությունը): Երկրորդ տեղում է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (65%): Այնուհետեւ էական միջակայքով հաջորդում է «Օրինաց երկիրը» (29%), «Ժառանգություն» կուսակցությունը (27%), Հայ հեղափոխական դաշնակցությունը (25%), Հայաստանի կոմունիստական կուսակցությունը (21%), Հայ ազգային կոնգրեսը (14%): Վարկանիշը փակում են Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը (8%) եւ «Միավորված հայեր» կուսակցությունը (7%):
Ըստ բնակչության սպասելիքների` առնվազն երկու կուսակցություն կպահպանեն իրենց ներկայությունը խորհրդարանում. «Բարգավաճ Հայաստանը» (համոզված են 90%-ը) եւ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (88%): Մնացած խորհրդարանական կուսակցություններից, որոնք ընդհանուր առմամբ ներկայումս 4 մանդատ ունեն, ԱԺ-ում ամենաշատ հնարավորություններ ունի մնալու «Օրինաց երկիրը» (50%): «Ժառանգություն» կուսակցությունը եւ Հայ հեղափոխական դաշնակցությունն ունեն խորհրդարանական աթոռները կորցնելու հնարավորություն, նրանց մուտքը Ազգային ժողով հնարավոր է համարում հարցվողների 17-22% -ը:
Իրենց ընտրությանը վստահ են 83%-ը նրանցից, ովքեր արդեն կողմնորոշվել են:
Նախագահական ընտրազանգվածում առաջատարն է Հայաստանի գործող նախագահ Սերժ Սարգսյանը (34%): Երկրորդ տեղը բավականին մեծ բացթողմամբ զբաղեցնում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը (11%): Հակավարկանիշի առաջատարներն են ընդդիմադիր Հայ ազգայի կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը (-25%) եւ «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը (-12%):




























