Հայաստանում ֆրանկոֆոնիայի օրերի ամենամյա անցկացումը Հայաստանի մշակութային կյանքի մի մասն է դարձել: Այս մասին այսօր` ապրիլի 20-ին, մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարարի` ֆրանկոֆոնիայի հարցերով խորհրդական Քրիստիան Տեր-Ստեփանյանը: Ասուլիսին ներկա էր նաեւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն:

Նախարարի խորհրդականը հայտնել է, որ, Հայաստանում ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում կայացել է ավելի քան 250 միջոցառում, որը 90-ով ավելի է նախորդ տարվա միջոցառումներից: Նրա խոսքով, իշխանությունների նման ուշադրությունը եւ հասարակության մեծ հետաքրքրությունը բարենպաստ մթնոլորտ է ստեղծում ֆրանսերենի ուսուցման համար: «Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում մասնակցությունն առաջին հերթին այդ կազմակերպության արժեքների ընդունումն է` մարդու իրավունքների պաշտպանություն, խաղաղություն, արդարություն»,-նշել է Տեր-Ստեփանյանը: Նրա ներկայացմամբ, Ֆրանկոֆոնիայի օրերի հաջողությունը որոշակի առումով կապված է հայ եւ ֆրանսիացի ժողովուրդների խորը բարեկամական հարաբերություններով:

Հիշեցնենք, որ այս տարի Ֆրանկոֆոնիայի օրերը Հայաստանում մեկնարկել են մարտի 16-ին` Բիզեի «Կարմերն» օպերայի ցուցադրությամբ: Մեկ ամսվա ընթացքում միջոցառումներ են անցկացվել Երեւանում եւ մարզերում` համերգներ, ֆիլմերի ցուցադրություններ, ֆրանսիական պոեզիայի երեկոներ, հեքիաթների փառատոններ, ցուցահանդեսներ եւ շնորհանդեսներ, գիտական ֆիլմեր ու կոնֆերանսներ:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի