Ֆրանսիայի Ֆրանշ Կոնտե շրջանի Մոնբելյար քաղաքի Անատոլ Ֆրանս դպրոցի տնօրեն Բուեն պատասխանել է թուրքական «Դողան» լրատվական գործակալության հարցերին։
Դպրոցի տնօրենը պնդել է, թե տեղյակ չի եղել դպրոցի աշխարհագրություն եւ պատմություն դասաժամին ուսուցչի կողմից ներկայացված ծաղրանկարի մասին։ Նա նշել է, թե ԵՄ-ի հետ կապված դասաժամերը մտնում են դպրոցական ծրագրի մեջ, սակայն նյութերն ընտրում են ուսուցիչները։
«Մենք չենք խառնվում ուսուցիչների գործերի մեջ։ Հիշյալ ծաղրանկարը ուսուցիչը վերցրել էր ինտերնետ կայքերից մեկից։ Մամուլում հիշյալ ծաղրանկարի մասին հրապարակումից հետո նամակներ ենք ստացել, որոնց մեջ պահանջում են՝ ծաղրանկարը հանել դպրոցական ծրագրից։ Մենք էլ ենք տխրել նման իրավիճակի համար։ Մենք չենք ցանկացել թուրքական հասարակությանը անհանգստացնել»,-ասել է տնօրենը։
Նշենք, որ Անատոլ Ֆրանս դպրոցում աշխարհագրություն եւ պատմություն դասաժամին ուսուցիչը աշակերտներին ներկայացրել է մի ծաղրանկար, որի մեջ պատկերված է եղել բեղավոր մի մարդ, ով կքած տանում է մարդկային կմախքներով լի մի պարկ, որի վրա գրված է. «Թուրքիա»։ Մարդկային կմախքներին վերեւը նշված է «Հայոց ցեղասպանություն»։ Կմախքներով լի պարկի կողքը կանգնած մի մարդ, ով խորհրդանշում է Ֆրանսիան, պարկից հանել եւ ցուցադրում է մարդկային գանգերից մեկը։ Ծաղրանկարի ձախ կողմում մի սար է պատկերված, որի գագաթին պարզված է Եվրամիության դրոշը, որի ուղղությամբ մարդիկ են շարժում։
Ուսուցիչը ցույց է տվել ծաղրանկարը՝ հարցնելով, թե աշակերտները ծաղրանկարից ի՞նչ են հասկանում եւ ըստ ծաղրանկարի, Թուրքիան ինչո՞ւ չի կարող դառնալ Եվրամիության անդամ։




























