Արդեն երկար ժամանակ Հայաստանը բախվում է ողբերգական մի իրողության, երբ մարդկանց մեծամասնությունը երազում է իրեն հույսից զրկած վարչակազմի տապալման մասին, բայց վարչակազմը շարունակում է պահել իր դիրքերը: Այս մասին այսօր` ապրիլի 20-ին, Ազատության հրապարակում, ՀԱԿ-ի հանրահավաքի իր ելույթում հայտարարել է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, թիվ 7 ընտրատարածքում առաջադրված թեկնածու Նիկոլ Փաշինյանը, հավելելով, որ դա ունի իր պատճառը:

«Պատճառներից մեկն այն է, որ քաղաքացիների մի մասը դառնում է ընտրակեղծիքների մասնիկ: Չեմ ուզում, որ կորսված համարենք այդ քաղաքացիներին, որովհետեւ գիտեմ, համոզված եմ, որ նրանք ոչ պակաս երազում են ազատ եւ երջանիկ Հայաստանի մասին: Ուզում եմ ուղերձ հղել այդ քաղաքացիներին` նրանց պատմելով 30 վայրկյանանոց հեղափոխության մասին: Իմ այս ուղերձի հասցեատերերն են ոստիկանները, զինծառայողները, ընտրակաշառք վերցնող քաղքացիները, նրանք ովքեր վախենում են արտահայտել իրենց դիրքորոշումը ինչ-որ բանից դրդված: Մենք ձեզնից չենք ակնկալում, որ դուք ձեր տներում ու աշխատավայրերում քարոզեք ՀԱԿ-ի օգտին, ճակատամարտ տաք «բեսպրեդելի» դեմ:

Մենք ձեզնից ակնկալում ենք ընդամենը երեսուն վայրկյան: Ընդհակառակը, երբ բախում են ձեր դուռը, ասեք որ հանրապետական եք, ասեք այն, ինչ ուզում են լսել թաղային հեղինակությունները, ձեր գործատուներին: Ավելին ընտրության օրը ասեք նրանց, որ գնում եք քվեարկելու ՀՀԿ-ի օգտին: Ընտրատեղամասում ընդունեք հարապետականի հայացք, բայց… երբ վերցրիք քվեաթերթիկը, 30 վայրկյանանոց հեղափոխությունը մեկնարկում է: Մտաք քվեախցիկ, քվեարկում եք ՀԱԿ-ի օգտին եւ հաղթում է ձեր բաժին հեղափոխությունը: Ընդամենը 30 վայրկյան, եւ դուք ձեր գաղթած ազգականների համար վերադարձի դուռ կբացեք, ապագա կկերտեք ձեր երեխաների համար: Ու ոչ ոք չի իմանա, որ դուք եք 30 վայրկյանի ընթացքում ցաքուցրիվ արել լֆիկասերժիկական ռեժիմը: Ոչ ոք չի կարող իմանալ, որ դուք եք դեմ քվեարկել իրենց»,-հայտարարեց Փաշինյանը:

Անդրադառնալով թիվ 7 ընտրատարածքում իր մրցակից Սամվել Ալեքսանյանին եւ թիվ 1 ընտրատարածքում առաջադրված Ռուբեն Հայրապետյանին, ընդդիմադիր գործիչն ասաց. «Լֆիկի մասին. նա ապացուցեց, որ իմաստուն հայ ժողովուրդը իրեն շատ դիպուկ անուն է դրել`«Լֆիկ», որովհետեւ ամեն օր իմ քարոզարշավի ընթացքում թաքնվում է լֆիկների հետեւում: Ես մտադիր եմ 7-րդ ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով հաղթել, ջարդել Լֆիկ Սամոյին:

Նեմեցի մասին. Դուք տեսաք, թե նա ինչպես ուղիղ եթերում ճողոպրեց ինձ հետ բանավեճից: Ինքն էր ասել, որ Կոնգրեսը որոշի ֆորմատը, հետո էլ ճղճղալով փախավ: Նեմեց Ռուբո, եթե մի անգամ էլ մտքովդ կանցնի հոխորտալ ՀԱԿ-ի, նր առաջնորդի, ակտիվիստների մասին, կհիշես ապրիլի 16-ը եւ ձայնդ կկտրես»: