«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Գյումրիում նախընտրական հանդիպման ժամանակ անդրադարձել է իրենց հասցեին հնչող մեղադրանքներին, թե «Ժառանգությունը» ստվերային պայմանավորվածությունների մեջ է ՀՀԿ-ի հետ:

«Եթե իրենց քեֆ է տալիս այդ մեղադրանքը, ես կընդունեմ այդ ամեն ինչը, ես բարին եմ մաղթում բոլորին»,- լրագրողների հետ զրույցում նշել է «Ժառանգության» առաջնորդը, հաղորդում է NEWS.am-ի Գյումրիի թղթակիցը:

«Բայց իրենք պետք է դուրս գան աթոռակռվի հոգեբանությունից, նաեւ ստվերային պայմանավորվածությունից, եթե նման բան կա: Մենք գնում ենք հաղթանակի, բայց այս անգամ մենք պետք է թույլ չտանք, որ իրենք խաղան «Ժառանգության» ու հայ ժողովրդի քվեի հետ, բոլորի հետ կհամագործակցենք, բայց ի վերջո մայիսի 7-ին մենք կտանք ինքնիշխան, անկախ ու ամբողջական մեր գնահատականը»,-ասել է նա:

Պատասխանելով NEWS.am-ի այն հարցին, որ կուսակցությունը մարզերում աչքի չի ընկնում նախընտրական շտաբների թվով, Րաֆֆի Հովհաննիսյանը նշել է. «Ես կարծում եմ, որ կա տեղական իշխանությունների ազդեցությունը, վախի զգացումը, նաեւ ֆինանսական անհավասարությունը, բայց դա մեզ համար պատրվակ չէ: Գիտեք ինչ, ես կարծում եմ, որ վախը հարիր չէ հայ մարդուն, բայց ես կարծում եմ, որ այդ իրականությունն իրոք կա, բայց դա սեփականատիրոջ խնդիր չէ, այլ հայ մարդու, Հայաստանի քաղաքացու հարցն է, եւ Հայաստանի քաղաքացին ինքը պետք է ասի, որ սա իմ երկիրն է, սա իմ քաղաքն է, եւ պիտի դուրս գա իր տնից, իր աշխատավայրից, եւ ասի, որ այս անգամ ոչ մեկն իր քվեն չի առնելու»:

Հիշեցնենք, որ «Ժառանգություն» կուսակցությունը այսօր հանդիպել է Շիրակի մարզի իր ընտրողների հետ, նրանց առաջարկելով չվախենալ ոչնչից, նշելով, որ այս ընտրությունները շատ բան են փոխելու, ու որ պետք չէ տարատեսակ կաշառքներին հավատալով ձայն վաճառել: