2011 թ., նախորդ տարվա համեմատ, Երեւանում բազմաբնակարան շենքերի բնակարանների դրամային գները նվազել են 5.5%-ով, սակայն չորրորդ եռամսյակում, նախորդ եռամսյակի նկատմամբ, արձանագրվել է գների փոքր աճ` 0.04%-ով: Այդ մասին նշված է ՀՀ Կենտրոնական բանկի 2011 թ. ֆինանսական կայունության հաշվետվության մեջ:
Նշվել է, որ անշարժ գույքի գների անկումը չի կարող առաջացնել համակարգային խնդիրներ վարկերի ապահովվածության տեսանկյունից, քանի որ ՀՀ առեւտրային բանկերը շարունակում են կիրառել վարկառուների վարկունակության գնահատման բավականին խիստ մոտեցում: Մասնավորապես` տրամադրում են հիփոթեքային վարկեր անշարժ գույքի շուկայական արժեքի 60-80 %-ից ոչ ավելի:
2011 թ. անշարժ գույքի առաջարկը եւս նվազել է, սակայն դա բավարար չի եղել գների նվազումը զսպելու համար: Այսպես. 2011 թ. ընթացքում շահագործման հանձնված բնակելի շենքերի ծավալը, նախորդ տարվա համեմատ, նվազել է 0.8%-ով` պայմանավորված պետական բյուջեի եւ բնակչության միջոցներով իրականացված շինարարության նվազմամբ:




























