Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Երեւանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու տոնակատարություններին մասնակցելու նպատակով Երեւան ժամանած Վենետիկի քաղաքապետ Ջորջիո Օրսոնիի հետ։
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեռ նախորդ տարվա դեկտեմբերին, Սերժ Սարգսյանի Իտալիա կատարած աշխատանքային այցի շրջանակում, Երեւանի եւ Վենետիկի քաղաքապետերը ստորագրել են «Երեւանի եւ Վենետիկի միջեւ քույրացման վերաբերյալ» համաձայնագիր: Ողջունելով Վենետիկի իր գործընկերոջը, Տարոն Մարգարյանը մեկ անգամ եւս ընդգծել է, որ Երեւանը բաց եւ պատրաստակամ է համաձայնագրով նախատեսված պայմանավորվածությունների շրջանակում քննարկել համագործակցության կոնկրետ ծրագրեր եւ իրականացնել փոխշահավետ գործակցային միջացառումներ.
«Երեւանում ներդրումների ներգրավման բավականին լայն դաշտ ունենք եւ պատրաստ ենք քննարկել տարբեր ծրագրեր: Այդ համատեքստում ակնկալում ենք նաեւ Ձեր աջակցությունը` ներդրողների ներգրավման հարցում եւ, վստահ եմ, որ մեր քաղաքների միջեւ գործակցության լայն հեռանկարներ կան»,– նշել է Տարոն Մարգարյանը։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Վենետիկի քաղաքապետ Ջորջիո Օրսոնին համոզմունք է հայտնել, որ Երեւանն ու Վենետիկը կարող են եւ պետք է գործակցեն ոչ միայն մշակութային, զբոսաշրջության, այլեւ տնտեսական տարբեր ոլորտներում։
Քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ Վենետիկի քաղաքապետը տիկնոջ հետ շրջել է գիշերային Երեւանով: Ջորջիո Օրսոնին իր հիացական տպավորությունն է փոխանցել Տարոն Մարգարյանին եւ ընդգծել է, որ թեեւ ընդամենը մի քանի ժամ է, ինչ Երեւանում է ու դեռ շատ բաներ չի հասցրել տեսնել, այնուամենայնիվ արդեն հիացած է Երեւանի գեղեցկությամբ ու հյուրընկալությամբ։
Շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի համար, Տարոն Մարգարյանն իր հերթին հրավիրել է Ջորջիո Օրսոնիին, իրեն հարմար ժամանակ, պաշտոնական այցով մեկ անգամ եւս այցելել Երեւան, որի շրջանակում երկու քաղաքապետերը հնարավորություն կունենան առավել մանրամասն քննարկելու Երեւանի եւ Վենետիկի համագործակցության ոլորտներն ու ապագա ծրագրերը:



























