Ընտրություններին մասնակցող այլ կուսակցություններ եւս միացել են ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ԱԺ պատգամավոր Դավիթ Հարությունյանի առաջարկած վարքագծի կանոններին:

Այդ մասին Դավիթ Հարությունյանը նշել է NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում` չմանրամասնելով սակայն, թե որ կուսակցություններն են միացել:

Հարցին, թե որքանով են ստեղծված տարբեր մեխանիզմներն ու առաջարկությունները նպաստելու ընտրությունների վերահսկմանը, Դավիթ Հարությունյանը նշեց. «Վարքագծի կանոնները հնարավորություն էին ընձեռում օգտագործել ցանկացած այլ մեխանիզմ ընտրությունները պատշաճ անցկացնելու համար: Մենք համարում ենք, որ այդ մեխանիզմները չպետք է սահմանափակված լինեն: Կարծում եմ` դրանք կարող են լինել արդյունավետ: Բնական է, որ կուսակցությունները միմյանց հետ մրցակցում են ընտրությունների ժամանակ, բայց մենք ունենք մեկ միասնական նպատակ, կամ ենթադրում եմ, որ ունենք: Դա պատշաճ որակի ընտրությունների անցկացումն է»:

Դիտարկմանը, թե ՀՀԿ-ն չմիացավ ՀԱԿ-ԲՀԿ-ՀՅԴ միասնական շտաբին, իսկ «Ժառանգությունը» լքեց թե այս, թե ԱԺ նախագահի առաջարկած ձեւաչափը, Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Հնարավոր են երկկողմանի մեխանիզմներ, եւ ոչ պակաս արդյունավետ: Մեխանիզմների քանակի մեջ չէ խնդիրը, այլ բովանդակության: Մենք` մի քանի կուսակցություններս բովանդակային աշխատանք տանում ենք եւ ես գոհ եմ արդյունքներից, վստահ եմ` գործընկերներս եւս»:

Հարցին, թե լուրեր են շրջանառվում, որ արդեն սկսվել է ընտրակեղծիքների բաժանումը, Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Նման խոսակցություններ կարող են լինել ցանկացած պարագայում: Հարցն այն է` կա՞ն արդյոք օրենսդրական մեխանիզմներ: Այո, գոյություն ունեն, ուղղակի պետք է գործադրել: Ես կոչ կանեի այդ մասին խոսողները օգտագործեն օրենքով ւիրենց ընձեռնված հնարավորությունները եւ դիմեն իրավապահներին»: