Թուրք հայտնի պատմաբան Թաներ Աքչամը մոտեցող ապրիլի 24-ից առաջ հարցադրումներ է արել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ մեջբերելով անվիճելի փաստեր եւ կրկին հիշեցրել Էրդողանին, որ 1915-ին ցեղասպանություն է տեղի ունեցել։

Ինչպես տեղեկացնում է թուրքական Taraf-ը, թուրք պատմաբանը նշել է, թե խոսքն ուղղում է վարչապետ Էրդողանին, ով մշտապես հայտարարում է. «Թուրք ազգը ցեղասպանություն չի իրականացրել», «մահմեդականների պատմության մեջ ցեղասպանություն չի եղել»։ Թաներ Աքչամը հիշատակել է Թալեաթ փաշայի եւ Ջեմալ փաշայի մի քանի նամակագրություններ, որտեղ պարզ նշվում է, որ հայերի ջարդերը պետության կողմից կազմակերպված են եղել։