Ես չեմ հավատում ոչ շատ բարձր, ոչ շատ ցածր սոցիոլոգիական հարցումների գնահատականներին, քանի որ սոցիոլոգիական հարցումներ իրականանցողներից շատերը, պարզապես, ներկայացնում են այս կամ այն քաղաքական նախընտրությունը: Այս մասին, այսօր` ապրիլի 23-ին, մամուլի ասուլիսում հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերում հարցումներին, որոնց համաձայն «Ժառանգությունը» հնարավոր է չհաղթահարի 5 տոկոսանոց շեմը եւ չհայտնվի խորհրդարանում:

Հովհաննիսյանի խոսքով, չնայած սոցիոլոգիական կանխատեսումներին, «Ժառանգության» անդամները սպասում են խորհրդարանական ընտրությունների արդյունքներին, որոնք հայտնի կդառնան մայիսի 7-ին:

«Երբ 5 տարի առաջ մեր կուսակցությունը հաղթեց Երեւանում եւ դարձավ առաջնորդող քաղաքական ուժերից մեկը ողջ Հայաստանում, այն ժամանակ էլ մենք մեծ զանգվածներ չէինք հավաքում հանրահավաքների: Այդ մեթոդը ընտրազանգվածի հետ աշխատելու մեր մեթոդը չէ: Մեզ համար կարեւոր է յուրաքանչյուր քաղաքացու հետ շփումը, լինի բակային հանդիպում, թե ոչ բազմանդամ հանդիպումներ մարզերում: Մեր մեթոդն այն է, որ մենք նախընտրում ենք անհատական շփումն ընտրողի հետ»,-ասաց «Ժառանգության» առաջնորդը:

Շարունակելով ընտրարշավի թեման, Րաֆֆի Հովհաննիսյանը նաեւ տեղեկացրեց, որ մայիսի 1-ին Երեւանի Ազատության հրապարակում տեղի կունենա «Ժառանգության» հաղթահավաք-համերգ-հանդիպումն իր ընտրազանգվածի հետ: «Այդ օրը դուք կհամոզվեք, որ շատ մարդ կհավաքվի, ովքեր չեն մասնակցել այլ կուսակցությունների նախընտրական հանրահավաքներին»,-ամփոփեց նա:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի