Մարդկությունը չի կարող կույր եւ խուլ լինել եւ չլսել Ցեղասպանությունը ճանաչելու հայերի արդար պահանջը:
Ինչպես տեղեկացրեց NEWS.am-ի թղթակիցը, Այդ մասին ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելելուց հետո լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Նախարարի խոսքով, պետք է խելագար լինել` հայ ժողովրդի վիշտն ու ցավը չտեսնելու համար: «Ճանաչել Հայոց ցեղասպանությունը, նշանակում է մարդկությանը փրկել հետագա սպառնալիքներից եւ բացառել նման երեւույթների կրկնությունը», - ընդգծել է Հակոբյանը: Նրա խոսքով` Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում մեծ դեր ունի սփյուռքը, որի թիկունքում կանգնած է հայկական պետականությունը, Հայաստանը: «Համախմբվելով եւ համակարգելով ջանքերը հայ ժողովուրդը կարող է դրական արդյունքների հասնել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում», - ամփոփել է Հրանուշ Հակոբյանը:
Այսօր աշխարհում հիշվում է Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցը:











