Երկրի բրենդը պետք է ծառայի որպես այն գաղափարի խորհրդանիշ, որն առաջին հերթին արտացոլում եւ բնութագրում է տվյալ պետության բնակիչներին: Այդ մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է INSTID բրենդային գործակալության ղեկավար Ալեքսանդր Գրանդը, որը Հայաստան էր այցելել «Բրենդեր եւ բիզնես» միջազգային կոնֆերանսին մասնակցելու համար:
Խոսելով տարբեր երկրների բրենդերի մասին` փորձագետն ընդգծել է, որ բրենդը չպետք է արհեստական ստեղծվի:
«Չի կարելի ուղղակի հավաքել փորձագետներին, որոնք կմտածեն եւ վերջապես ինչ-որ բրենդ կհորինեն: Այդ դեպքում հավանականություն չկա, որ ձեր բրենդը կաշխատի: Պետք է փնտրել մարդկանց մեջ, թե ինչն է նրանց բնութագրում, նայել, թե ինչ խորհրդանիշ է կապված դրա հետ եւ դրա հիման վրա կառուցել բրենդը»,- նշել է Գրանդը:
Ըստ նրա` երկրի բրենդն ունի երկու չափորոշիչ` արտաքին եւ ներքին: Ներքինը պահվածքն է, մտածողությունը, որոնք մի ուղղությամբ են շաժվում: Արտաքինը մարքեթեինգային բնագավառն է, արտաքին լսարանի վրա ազդեցությունը` ներդրողներ, զբոսաշրջիկներ, ներգաղթողներ, հասարակություն, քաղաքական գործիչներ:
«Հարկավոր է, որ «Հայաստան» բառը լսելիս նրանք ճիշտ «զգացողություն» ունենան այն ուղղությամբ, ինչ ձեզ հարկավոր է: Այդ ուղղությունն ստանալու համար պետք է ստեղծեք ձեր երկրի բրենդը: Ճիշտ բրենդի դեպքում երկիրն իրապես կիրագործի իր հնարավորությունները»,- նշել է նա` օրինակ բերելով Շվեյցարիային:
Հիշեցնենք, որ «Բրենդեր եւ բիզնես» կոնֆերանսի կազմակերպիչն է «Maeutica» բրենդային գործակալությունը:











